Խոսում են հուշարձանների պահպանությունից, այն դեպքում, երբ Մայր Տաճարի վերականգնման համար ֆինանսական աջակցություն չեն ցուցաբերել այս իշխանությունները. Արշակ Սրբազան (Տեսանյութ)

Մեզ մեղադրում են, որ մենք բավարար ջանք չենք ներդնում պատմամշակութային հուշարձանների պահպանության գործում, «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» քննարկման ժամանակ ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Ես վիճակագրություն չեմ ներկայացնի, միայն կարող եմ հորդորել ծանոթանալ, թե ՀՀ-ում քանի պատմամշակության հուշարձան կա, եթե չեմ սխալվում՝ 24 հազար, որոնցից 18 հազարը պաշտամունքային նշանակության են։ Դրանցից այսօր եկեղեցուն է հանձնված ոչ ավելի, քան 600-ը։ Նայեք այդ 600 եկեղեցու պաշտպանությունը՝ եկեղեցու ոչ բավարար միջոցների պայմաններում, և մնացյալի պահպանության որակին և հոգատարությանը»,-հավելեց նա։

Սրբազան Հայրը նկատեց՝ այստեղ էլ պետությունը չի կարողանում իր պարտականություններն իրացնել՝ հասկանալի պատճառներով, քանի որ ֆինանսական հսկայական միջոցներ են ծախսվում.«Ծանոթացել եմ Մշակույթի նախարարության հայտարարությանը, որտեղ ասվում էր, որ 2018 թվականից մինչև այսօր հուշարձանների պահպանության գործում ծախսել են մոտավորապես 5մլն դոլար։ Պատկերացրեք՝ 7 տարվա ընթացքում ընդամենը 5մլն դոլար է ծախսվել հուշարձանների պահպանության համար, իսկ Մայր Աթոռի վերականգնման շինարարական աշխատանքները գերազանցել են 12մլն դոլարը։ Հուշարձանի պաշպանության մասին են խոսում, երբ ՀՀ կարևորագույն Մայր Տաճարի վերականգնման համար որևէ ֆինանսական աջակցություն չեն ցուցաբերել այս իշխանությունները»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am