Իսրայել-Իրան մահացու պատերազմի 5-րդ օրը. Զոհերի ու վիրավորների թիվն ավելանում է

Իսրայելի ու Իրանի մահացու հակամարտության 5-րդ օրն է։ Իրանում ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 224 մարդ: Իսրայելում զոհվել է 24 մարդ:

Irna գործակալության փոխանցմամբ, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաքային ասել է, որ Իսրայելի ռեժիմի հարձակումը Իրանի վրա հակասում է միջազգային նորմերին՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունից ակնկալվում է պատասխանատվության ենթարկել Իսրայելի ագրեսորներին և բացահայտորեն դատապարտել նրանց ագրեսիան։

«Իսրայելի ագրեսիան հակասում է բոլոր միջազգային չափանիշներին, ՄԱԿ-ի կանոնադրությանը և մարդու իրավունքներին։ Նա նաև ասել է, որ 7-րդ գլխի հիման վրա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ակնկալվում է կանխել ագրեսիան, սպառնալիքները կամ խաղաղության խախտումները։ Իրանը ակնկալում է, որ ՄԱԿ-ը, ՄԱԳԱՏԷ-ն և ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը գործողություններ կձեռնարկեն և պատասխանատվության կենթարկեն ագրեսորին»,-հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

CNN-ը հայտարարել է, որ արաբական և մուսուլմանական 20 երկրների արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իսրայելի հարձակումներն Իրանի վրա և լարվածության թուլացման կոչ են արել։

Եգիպտոսի, Հորդանանի, Պակիստանի, Բահրեյնի, Բրունեյի, Թուրքիայի, Չադի, Ալժիրի, Կոմորյան կղզիների, ԱՄԷ-ի, Ջիբութիի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Սոմալիի, Իրաքի, Օմանի, Կատարի, Քուվեյթի, Լիբիայի և Մավրիտանիայի արտաքին գործերի նախարարները հայտնել են իրենց «խորը մտահոգությունը տարածաշրջանում վտանգավոր սրման» վերաբերյալ։

Նախարարները հաստատել են պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև բարիդրացիության սկզբունքները հարգելու անհրաժեշտությունը՝ կոչ անելով բոլոր կողմերին լուծել իրենց վեճերը խաղաղ ճանապարհով։ Նրանք ընդգծել են միջուկային զենքից և զանգվածային ոչնչացման այլ զենքերից զերծ Մերձավոր Արևելք ստեղծելու կարևորությունը և կոչ արեցին երկրներին միանալ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին։

Նախարարները շեշտել են, որ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ​​ճանապարհով և չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։

Մինչ այդ, ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը վաղաժամ լքել է G7 գագաթնաժողովը՝ շտապ վերադարձել Վաշինգտոն ու իր թիմին հանձնարարելով հնարավորինս արագ հանդիպել իրանցի պաշտոնյաների հետ: Թրամփը հերքել է, որ մեկնել է հրադադարի շուրջ աշխատելու համար և ասել է, որ «շատ ավելի մեծ» բան է պատրաստում: Թրամփը նաև զգուշացրել է իրանցիներին լքել Թեհրանը՝ ընդգծելով 10 միլիոն բնակիչների համար վտանգը:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ կարծում է, Իսրայելի հարվածները զգալիորեն հետ են մղել Իրանի միջուկային ծրագիրը։ Իսրայելը թիրախավորել է Իրանի երեք հիմնական միջուկային օբյեկտներ և գիտնականներ, վնասի չափը պարզ չէ։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am