ԱՄՆ-ն ուղիղ հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտարարել Թրամփը և ինչու է լարվում տարածաշրջանային իրավիճակը

Շաբաթ լույս կիրակի՝ հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իրանական միջուկային ծրագրի երեք առանցքային օբյեկտների՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից «հաջող ռմբակոծության» մասին։

Արդյունքում ամբողջությամբ ոչնչացվել են Իրանի ուրանի հարստացման խոշորագույն գործարանները, ասել է նա։

ԱՄՆ-ի մուտքը Իսրայելի և Իրանի միջև հակամարտության մեջ անակնկալ էր. մինչ այդ Թրամփը խուսափում էր ԱՄՆ ծրագրերի մասին ուղղակի հայտարարություններից և զերծ մնում ցույց տալուց ուղղակի աջակցությունն Իսրայելին:

Իսրայելը շնորհակալություն է հայտնել Թրամփին օգնության համար, իսկ Իրանը խոստացել է շարունակել ուրանի հարստացումը՝ հերքելով, որ հարձակման ենթարկված վայրերն ամբողջությամբ ոչնչացվել են, գրում է BBC-ն:

ԱՄՆ-ի ուղիղ միջամտությունն ու Թրամփի ոգևորությունը

ԱՄՆ-ը հարվածել է Իրանի երեք խոշորագույն միջուկային օբյեկտներին հունիսի 22-ի վաղ առավոտյան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում հայտարարել է Ֆորդոում, Նաթանզում ուրանի հարստացման գործարանները և Սպահանի պահեստարանները ռմբակոծելու մասին։

«Մենք հաջողությամբ ավարտեցինք հարձակումը Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա, այդ թվում՝ Ֆորդո, Նաթանզ և Սպահան:

Բոլոր ինքնաթիռներն այժմ գտնվում են Իրանի օդային տարածքից դուրս», — գրել է նա Truth Social-ում:

Թրամփը նաև հայտնել է, որ հիմնական թիրախի՝ Ֆորդոյի ուղղությամբ, «վրա ռումբերի ամբողջ հսկա բեռ է նետվել»:

«Բոլոր ինքնաթիռները ապահով վերադառնում են տուն: Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի մարտիկներին: Աշխարհում ոչ մի այլ զինվորական չէր կարող դա անել: Հիմա խաղաղության ժամանակն է»,- հավելել է ԱՄՆ նախագահը:

Ավելի ուշ Թրամփը դիմել էր ժողովրդին և գործողությունն անվանել «արտակարգ ռազմական հաջողություն»՝ հայտարարելով, որ բոլոր երեք օբյեկտները «ամբողջությամբ ոչնչացվել են» և «ահաբեկչության համաշխարհային առաջատար հովանավորի» միջուկային սպառնալիքը վերացվել է։

Ինչ կարևորություն ունի Ֆորդոն և ինչու բարդ կլիներ առանց ամերիկյան միջամտության

Ֆորդոն Իրանի միջուկային ծրագրի ամենաամրացված ու պաշտպանված վայրն է՝ ուրանի հարստացման գործարանը, որը թաքնված է ժայռերի մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էին փորձագետները, դրան պոտենցիալ սպառնում են միայն 13 տոննա կշռող բունկերային ռումբերը, որոնք կարող են կրել միայն ամերիկյան B-2 ռմբակոծիչները: ԱՄՆ-ը մի քանի նման ինքնաթիռներ տեղակայել էր Իրանի մոտ մեկ օր առաջ, ինչը ընկալվել էր հենց որպես նշան, որ ԱՄՆ-ը պատրաստվում էր Իսրայելի և Իրանի միջևպատերազմի մեջ մտնել:

Պատերազմի մեջ մտնելու ԱՄՆ-ի որոշումը պաշտոնապես չի հայտարարվել հարվածներից առաջ։ Թրամփը նախապես հայտարարել էր, որ երկու շաբաթվա ընթացքում կորոշի ԱՄՆ-ի մասնակցությունը, քանի որ կարծում էր, որ բանակցությունները հնարավոր են: Իննքն էլ չսպասելով իր նշած ժամկետին, իր իսկ հայտարարությունից ընդամենը երկու օր անց նա հրաման տվեց ռմբակոծել Իրանը, համարելով, որ դիվանագիտական կարգավորումն այլևս հնարավոր չէ, հաղորդում է New York Times-ը ռմբակոծությունից ժամեր առաջ:

Ազգին ուղղված ուղերձում Թրամփը ռմբակոծությունները անվանել է «արտասովոր ռազմական հաջողություն» և ասել, որ Իրանը այժմ պետք է խաղաղություն հաստատի: Նա հիշեցրել է, որ ավերված օբյեկտները ամենամեծն ու ամենավտանգավորն էին, սակայն Իրանում «դեռ շատ թիրախներ կան», և հետագա հարձակումները կարող են էլ ավելի կործանարար լինել:

«Սա չի կարող շարունակվել, դա կլինի կամ խաղաղություն, կամ ողբերգություն Իրանի համար»,- ասել է Թրամփը։ Նա Իրանին սպառնացել է ավելի հզոր հարվածներով, եթե վերջինս պատասխան տա ԱՄՆ-ի գործողություններին։

Իրանի միջուկային ծրագիրը կարելի՞ է ավարտված համարել

Իրանցի պաշտոնյաները հաստատել են Ֆորդո, Նաթանզ և Սպահան քաղաքների միջուկային օբյեկտների ռմբակոծումը, հաղորդում է իսրայելական Ynet պորտալը։

Մասնավորապես, Իրանի Ղոմ նահանգի ճգնաժամային կառավարման շտաբի խոսնակը հաստատել է, որ հարձակման է ենթարկվել Ֆորդոյի միջուկային օբյեկտը. «Մի քանի ժամ առաջ Ղոմի հակաօդային պաշտպանության համակարգի ակտիվացումից և հակառակորդի թիրախների հայտնաբերումից հետո Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքի մի մասը ենթարկվել է հակառակորդի հարձակմանը»:

Միևնույն ժամանակ Սպահան նահանգի պաշտոնյաները հայտնել են, որ «Սպահանում և Նաթանզում միջուկային օբյեկտները ենթարկվել են հարձակման թշնամու կողմից», հաղորդում է AFP գործակալությունը Իրանի պետական հեռուստատեսության հղումով։

Սակայն իրանական օբյեկտներին հասցված վնասի չափերի մասին դեռ քիչ տեղեկություններ կան։ Իրանական աղբյուրները պնդում են, որ հարվածին ընդառաջ իրենց հաջողվել է տարհանել ուրանը։

Այսպես, Իրանի պետական հեռուստատեսության քաղաքական տնօրենի տեղակալ Հասան Աբեդինին ուղիղ եթերում ասել է, որ Իրանը «որոշ ժամանակ առաջ էվակուացրել է երեք միջուկային օբյեկտները», հաղորդում է BBC-ի պարսկական ծառայությունը:

Աբեդինին նաև ասել է, որ Իրանը «լուրջ վնաս չի կրել, քանի որ կարևոր նյութերն արդեն հեռացվել են»։

Իրանի Ատոմային էներգիայի գործակալությունը հայտարարել է, որ չի դադարեցնի ուրանի հարստացումը Նաթանզ և Ֆորդո գործարանների վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո։

Գործակալության հայտարարության մեջ, որը մեջբերում է Reuters-ը, ասվում է, որ Իրանը թույլ չի տա դադարեցնել երկրի «արդյունաբերական զարգացումը», որը վերաբերում է նրա միջուկային ենթակառուցվածքին:

Գործակալությունը նաև նշել է, որ ԱՄՆ-ի գործողությունները համարում է միջազգային իրավունքի և Միջուկային զենքի չտարածման պայմանագրի խախտում և մեղադրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) անգործության և ամենաթողության մեջ։

Մերձավոր Արևելքի գծով պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Մարկ Քիմիթը BBC News-ին ասել է, որ թեև ակնհայտ էր, որ ԱՄՆ-ը «զգալի» հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին, այնուամենայնիվ, վնասի չափը հաստատելու համար պաշտոնական գնահատականներ են անհրաժեշտ:

«Եթե մի քանի, այսպես կոչված, բունկերային ռումբեր օգտագործվեին Ֆորդոյի միջուկային օբյեկտում, ապա այն ավելի հավանական է, որ դուրս է եկել շարքից», — ասել է Քիմիթը:

Ինչպես են հարվածները հասցվել

Պաշտոնական հայտարարություն չկա, թե կոնկրետ ինչպես են հարվածները հասցվել, իսկ տարբեր լրատվամիջոցների աղբյուրները տարբերվում են իրենց վարկածներում։

Այսպես. ըստ հաղորդագրությունների, ԱՄՆ-ն օգտագործել է վեց GBU-57 բունկերային ռումբ, որոնք նետվել են B-2 ռմբակոծիչներից՝ հարվածներ հասցնելով Իրանի առանցքային միջուկային օբյեկտին Ֆորդոյում, որը գտնվում է գետնի խորքում, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

B-2-ները միակ ինքնաթիռներն են, որ կարող էին նման ծանր ռումբեր կրել. յուրաքանչյուրը կշռում է ավելի քան 13 տոննա: Ռմբակոծիչները կարող են կրել երկու GBU-57 ռումբ:

Մոտ 30 Tomahawk թևավոր հրթիռներ, որոնք արձակվել են Օհայո դասի սուզանավերից, օգտագործվել են Սպահանում և Նաթանզում գտնվող երկու այլ միջուկային ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակումների ժամանակ, հայտնում է Fox News-ը։

Սպահանը ամենադժվար թիրախն էր: Ըստ New York Times-ի աղբյուրի, հարվածն ավելի հզոր է եղել. թերթի աղբյուրի համաձայն, B-2 ռմբակոծիչները 12 GBU-57 ռումբ են նետել Ֆորդոյի օբյեկտի վրա, ևս երկուսը` Նաթանզի օբյեկտի վրա:

Սպասվում է, որ Պենտագոնի ղեկավարությունը հունիսի 22-ի կեսօրին մամուլի ասուլիս կանցկացնի։

Հարձակումների արձագանքները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին օգնության համար։ Նրա ելույթը հեռարձակվել է Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից անմիջապես հետո։

«Նախագահ Թրամփը և ես հաճախ ասում ենք՝ «Խաղաղություն ուժի միջոցով»: Սկզբում գալիս է ուժը, հետո գալիս է խաղաղությունը: Այս գիշեր նախագահ Թրամփը և Միացյալ Նահանգները գործեցին մեծ ուժով: Թրամփի որոշումը կփոխի պատմությունը», — ասել է Իսրայելի վարչապետը։

Թրամփն իր ելույթում նշել է, որ ինքը և Նեթանյահուն «մի թիմ» են և շնորհակալություն է հայտնել իսրայելցի զինվորականներին օգնության համար։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «իրանական խաղաղ միջուկային օբյեկտների» վրա հարձակումներն անվանել է ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կոպիտ խախտում՝ ասելով, որ Իրանը «վերապահում է բոլոր տարբերակները՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը, իր շահերը և իր ժողովրդին՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության վրա», — ասել է Reuters-ը։ ԱՄՆ գործողությունները երկարաժամկետ հետևանքներ կունենան, հավելել է Արաղչին։

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ավագ խորհրդականը սպառնացել է հրթիռներ արձակել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի վրա Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումից հետո:

«Այժմ մեր հերթն է հրթիռներ արձակել Բահրեյնում տեղակայված ամերիկյան նավատորմի ուղղությամբ և միևնույն ժամանակ փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի համար», — մեջբերում է նրա խոսքերը իսրայելական Ynet պորտալը։

Դեռևս ԱՄՆ-ի հարձակումից առաջ այաթոլլա Ալի Խամենեին ասել էր, որ եթե Ամերիկան միանա Իսրայելին, Իրանը կպատասխանի. «Ամերիկացիները պետք է իմանան, որ իրենց կողմից ցանկացած ռազմական միջամտություն, անկասկած, անուղղելի հարվածի կենթարկվի»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իրանի միջուկային ենթակառուցվածքին ԱՄՆ-ի հարվածները «վտանգավոր էսկալացիա» է անվանել։ Նրա կարծիքով, ներկայումս «աճում է ռիսկը, որ այս հակամարտությունը կարող է արագորեն դուրս գալ վերահսկողությունից՝ աղետալի հետևանքներ ունենալով խաղաղ բնակչության, տարածաշրջանի և աշխարհի համար»։

«Այս վտանգավոր ժամին հրամայական է, որ մենք խուսափենք քաոսի պարույրից: Չկա ռազմական լուծում: Առաջ գնալու միակ ճանապարհը դիվանագիտությունն է: Միակ հույսը խաղաղությունն է»,- գրել է Գուտերեշը իր էջում:

Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը դատապարտել է Թրամփի՝ առանց Կոնգրեսի հավանության իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու որոշումը՝ ասելով, որ դրանք «զգալիորեն մեծացնում են Մերձավոր Արևելքում պոտենցիալ աղետալի պատերազմի» վտանգը։

Դեմոկրատ սենատոր Բեռնի Սանդերսը Թրամփի միակողմանի որոշումը անվանել է «ակնհայտորեն հակասահմանադրական», քանի որ «միակ կառույցը, որը կարող է երկիրը պատերազմական վիճակի մեջ մտցնելու որոշում կայացնել, Միացյալ Նահանգների Կոնգրեսն է:

«Նախագահը դա անելու լիազորություն չունի», — հիշեցրել է Սանդերսը:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am