ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով տեղի ունեցող իրադարձություններին:
«Հեղաշրջման կոչեր հնչեցրած Աջապահյանը, նախապես գիտենալով, որ իրավապահները գալու են քննչական գործողություններ կատարելու, փախչում է Մայր Աթոռ։
Պատսպարվում է Մայր Աթոռում և այն դարձնում վահան ընդդեմ պետության։
Այս նույն ընթացքում ընդդիմադիր ահաբեկիչները կոչ են անում մարդկանց մեկնել Մայր Աթոռ և պաշտպանել այն իրավապահներից։ Ստեղծում են արհեստական կոնֆլիկտ, որ ստանան այդքան երազած բախումը։
Կտրիճ Ներսիսյանը Մայր Աթոռը դարձնում է քաղաքական պայքարի գործիք և ահաբեկչական գործողությունների հենակետ ընդդեմ պետության։
Պետությունը պետք է պաշտպանի իրավակարգը և ժողովրդին ահաբեկիչներից և հանցագործ տարրերից։ Մայր Աթոռը քաղաքական պայքարի հենակետ դարձնելը սրբապղծություն է։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է Կոնջորյանը:
Ինչպես հայտնել ենք, իրավապահներն այս պահին Մայր Աթոռի տարածքում են, որտեղ էլ գտնվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը:
Աջապահյանը հավաքված քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցել էր, որ ինքը չի պատրաստվում թաքնվել, ինքնուրույն կգնա ու կներկայանա քննչական մարմիններին:
Այս խոսքերից հետո նա մի պահ դուրս էր եկել Մայր Աթոռի դարպասների մոտ, այնուհետև սկսվել էր քաշքշուկ, ու վերջինս վերադարձել էր Մայր Աթոռի բակ՝ ասելով. «Դրանց տիրոջ…»:
Հոգևորականները, ինչպես հայտնել ենք, փորձում էին թույլ չտալ, որ ուժայինները մուտք գործեն վեհարանի տարածք, սկսվել էր քաշքշուկ հոգևորականների և ուժայինների միջև:
ԱԱԾ աշխատակիցները մտել են վեհարան: Լրագրողները հեռացվել են տարածքից, դուռը ներսից կողպվել է, գործողություններ են իրականացվում: