Զինվորի տանը բացվեցին նոր ճաշարանը և Մշակույթի Տանիքը: Այս մասին տեղեկացանք Զինվորի տուն ֆեյսբուքյան էջից.
«Զինվորի տանը բուժվող տղաները օրը 3 անգամ, տեղում թարմ պատրաստված ճաշատեսակներով անվճար կսնվեն: Զինվորի տունը նախկինում նույնպես ապահովում էր տղաների ամենօրյա անվճար սնունդը, սակայն հին ճաշարանը բավականին փոքր էր և շահառուների ավելացմանը զուգահեռ առաջացավ կարիք՝ ավելի մեծ ճաշարան ունենալու:
Մշակույթի Տանիքում զինհաշմանդամները կհյուրընկալեն տարբեր երգիչների, դերասանների… Զինվորի տանը հաճախ են կազմակերպվում համերգներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ: Պարզապես այդ բոլոր միջոցառումներն այսուհետև կունենան ավելի հստակ հասցե՝ Զինվորի տուն, Մշակույթի Տանիք:
Զինվորի տան նոր ճաշարանի ողջ կահավորումը և տեխնիկական հագեցվածությունը, ինչպես նաև Մշակույթի Տանիքի կառուցումն իրականացվել են Միացյալ Նահանգներում գործող Ընտանիքի աջակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ: Հիմնադրամի նախագահ Նազ Բաշքիջյան: Ճաշարանի կառուցումն իրականացվել էր այլ գործընկերոջ աջակցությամբ: FRF-Ընտանիքի աջակցության հիմնադրամը Զինվորի տան կողքին է ստեղծման օրից: Այս հիմնադրամի աջակցությամբ Զինվորի տունն իրականացրել է բազմաթիվ առողջապահական, սոցիալական և մշակութային ծրագրեր»:

