Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից հետո բժիշկները զգուշացնում են առողջութանը սպառնացող վտանգների մասին

Երևանի մոտ տեղակայված Նուբարաշենի աղբավայրում հրդեհը երկրորդ օրը դեռևս անվերահսկելի է։ Կրակն ընդգրկել է մոտ հինգ հեկտար աղբ, իսկ շրջակա տարածքը պատված է խիտ, կսկծեցուցիչ ծխով՝ դժվարացնելով հրշեջների աշխատանքը և սպառնալիք դառնալով բնակչության առողջությանը։
Թոքաբան Արտեմ Գասպարյանը զգուշացնում է, որ այրվող աղբից առաջացած ծուխը հատկապես վտանգավոր է երեխաների, տարեցների և խրոնիկական շնչառական հիվանդություններով բուժառուների համար։ Նրա գնահատականով՝ նման պայմաններում զգալիորեն մեծանում է ասթմայի, ալերգիայի, խրոնիկական բրոնխիտի և այլ թոքային հիվանդությունների սրացման վտանգը։

«Նման բնապահպանական իրավիճակը բացասաբար է անդրադառնում նաև նյութափոխանակության խանգարումներ և սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց վրա,- նշում է մասնագետը։ -Թթվածնի անբավարարությունը և թունավոր նյութերի ներշնչումը կարող են գլխացավ, տկարություն, արագացած սրտխփոց և շնչառության դժվարություն առաջացնել։

Գասպարյանի համոզմամբ՝ աղտոտված օդի երկարատև ազդեցությունը և նման հրդեհների խրոնիկական բնույթը մեծացնում են լուրջ հիվանդությունների, դրանց թվում՝ քաղցկեղի առաջացման վտանգը։ Սակայն կարճատև միջադեպի դեպքում, իբրև կանոն, նման վտանգ չկա։

Ընդսմին, նույնիսկ առողջ մարդկանց շրջանում այրված նյութերի տևական ներշնչումն ի վիճակի է հազ, աչքերի գրգռում, կենտրոնացման նվազում և օրգանիզմի ընդհանուր թունավորում առաջացնել։

Բժիշկը խորհուրդ է տալիս մոտակա տարածքների բնակիչներին հնարավորինս սահմանափակել իրենց ժամանակը դրսում, փակ պահել պատուհանները, իսկ եթե կան օդորակիչներ, օգտագործել դրանք նվազագույն հզորությամբ՝ օդի զտման գործառույթով։ Նրանք, ովքեր ստիպված են աշխատել դրսում, խորհուրդ է տրվում պաշտպանիչ դիմակներ դնել։ Երեխաներին և խրոնիկական հիվանդություններից տառապող մարդկանց հատկապես հակացուցված է գտնվել ծխի գոտում. հնարավորության դեպքում նրանց պետք է ժամանակավորապես քաղաքից դուրս տանել։

Աղբյուրը՝ NEWS.am Medicine

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am