Մանկապարտեզներում օդորակիչներ չկան, պատուհանները զմռսած են, երեխաները շոգից խեղդվում են. ահազանգ

Երևանյան այս տապ օրերին, երբ շոգը դառնում է շատերի ինքնազգացողության վատացման, անգամ ուշաթափության պատճառ, քաղաքացիները փորձում են փրկություն գտնել օդորակիչների օգտագործման մեջ: Ինչպես հայտնի է, եղանակը առաջնային ազդում է մեծահասակների, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիների ու երեխաների վրա: Եվ ահա, պատկերացրեք, որ այդ նույն երեխաները այս շոգին ստիպված են չորս պատի մեջ մնալ, որտեղ չկա օդորակիչ, պատուհաններն էլ բացելը արգելված է: Ահա նման ահազանգ է ստացել MediaHub-ը Երևանի մի քանի մանկապարտեզների սաների ծնողներից: Նրանք ահազանգում են, որ մանկապարտեզներում չկան օդորակիչներ, պատուհանները արգելում են բացել, ինչի հետևանքով էլ մի քանի երեխայի ինքնզգացողություն վատացել է։

«Երեխաս համարյա ուշագնաց է եղել մանկապարտեզում, որովհետև չկա օդորակիչներ, իսկ պատուհան բացելն արգելվում է։ Չգիտեմ՝ ինչ-որ դեպք է եղել, որից հետո, ասացին, պատուհանները զմռսած են: Բա նման դեպքում ի՞նչ պիտի անենք, շատ երեխաններ իրենց միշտ վատ են զգում, շոգն ահավոր ա, մեծերը նույնիսկ չեն դիմանում, ուր մնաց փոքրիկները»,- մեզ հետ զրույցում նշեց մանկահասակ երեխայի ծնողը։

Անգամ երեխաների անվտանգության ապահովման տեսանկյունից պատուհանները փակ պահելը արդարացում չունի, քանի որ մաքուր օդը երեխայի առողջության համար թիվ մեկ գրավականներից է: Եվ անհասկանալի է, թե, օրինակ, ինչո՞ւ պատուհանները ճաղավանդակով պատված չեն: Կամ ինչո՞ւ Երևանում կան մանկապարտեզներ, որոնք չունեն օդափոխման պատշաճ համակարգեր, որ ամռանը երեխաները շոգից չխեղդվեն:

Այս հարցերի պատասխանները ստանալու համար MediaHub դիմեց Երևանի քաղաքապետարանին: Գրավոր հարցման մեջ ներառել էինք հետևյալ հարցերը.

• Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գարծող քանի՞ մանկապարտեզ կա, դրանցից քանիսում կա օդորակիչ։

• Ինչո՞ւ է մանկապարտեզներում արգելված բացել պատուհանները, անգամ այն հաստատություններում, որտեղ օդորակիչ տեղադրված չէ, ինչը հատկապես այս շոգ եղանակին լրջագույն խնդիր է դառնում երեխաների առողջության համար:

• Ինչպե՞ս են այս շոգ եղանակային պայմաններում (38-40+-ի դեպքում) ապահովում սաների կոմֆորտը:

Քաղաքապետարանից ստացել ենք հետևյալ պատասխանը.

«Երևանի ենթակայությամբ գործում են 162 նախադպրոցական ուսումնական հաստատություններ (ՆՈՒՀ-եր), որոնցից թեև մի մասում առկա են օդորակիչներ, դրանք տեղակայված չեն երեխաների հիմնական առօրյայի համար նախատեսված կառուցահատվածներում (խմբասենյակներ, ննջարանային հատվածներ և այլն)՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի՝ 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N95-Ն հրամանով հաստատված` ՀՀՇՆ 31-03-«Հասարակական շենքեր և շինություններ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի համաձայն՝ ՆՈՒՀ-երի խմբային և ննջարանային բջիջների սենյակներում պետք է նախատեսվի միջանցիկ կամ անկյունային բնական օդափոխության, այդ թվում` միջանցքի կամ հարակից սենքերի միջով:

«ՆՈՒՀ-երում պատուհանները բացելու սահմանափակումները պայմանավորված են երեխաների անվտանգության ապահովման նկատառումներով: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ ՆՈՒՀ-երի անձնակազմերը, համաձայն ՀՀ առողջապահության նախարարի՝ 2002 թվականի դեկտեմբերի 20-ի N 857-Ն հրամանով սահմանված սանիտարական նորմերի և կանոնների, հնարավորինս ապահովում են սենյակների օդափոխությունը»:

Այլ կերպ ասած, Երևանի քաղաքապետարանն ընդունում է, որ կան մանկապարտեզներ, որտեղ ոչ միայն չկան օդորակիչներ, թեև ամեն քայլափոխին մեզ համոզում են, որ մանկապարտեզները վերանորոգում են, նորն են կառուցում և այլն, այլև պատուհաններն են փակ պահում, ինչի հետևանքով էլ ունենք երեխաների ինքնազգացողության հետ կապված խնդիրներ: Սա կարելի է բնութագրել միայն մեկ բառով՝ խայտառակություն: Եվ հարց ուղղել քաղաքապետարանի պաշտոնյաներին՝ դուք ձեր երեխաներին նման մանկապարտեղ կտանեի՞ք, եթե հնարավորություն չունենայիք ձեր զավակներին տանել վճարովի հիմունքներով գործող մասնավոր մանկապարտեզներ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am