Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված մյուս անձը քրեական ոստիկան է. մոտեցել, կրակել են և դիմել փախուստի

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Ոստիկանը, ըստ Սարգսյանի, ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել: Նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել:

«Ըստ նախնական տեղեկությունների` մեկ անձ մոտեցել, կրակ է բացել և դիմել փախուստի»,- ասել է Սարգսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Նախնական տվյալներով՝ կա 2 զոհ, 1 վիրավոր։

Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Տեղում հայտնաբերվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր: Հայտնաբերվել են գլխարկ, կոշիկ, հեռախոս, որը հավանաբար վիրավորներինն է:

Հայտնաբերվել են նաև մեծ քանակի ինքնաձիգից կրակված փամփուշտներ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am