«Մեր ոսկե աշունը իր ամբողջ շքեղությամբ դեռ տևական ժամանակ շարունակվելու է»,-այսօր հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով, այսօր երեկոյան ցիկլոնն ամբողջությամբ դուրս կգա Հայաստանի տարածքից՝ իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին։ Հոկտեմբերի 14-15-ը օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կբարձրանա 5-8 աստիճանով։
Կենտրոնի կանխատեսումներով, Երևանում հոկտեմբերի 13-ին սպասվում է անձրև։ Հոկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում հոկտեմբերի 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային առանձին շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով։ Հոկտեմբերի 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

