Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Ford Fusion»-ը կոտրել է էլեկտրասյունը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արմեն Ա.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս ընթանալիս՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին՝ «Դեֆանս հաուզինգ» նոր կառուցվող բազմաֆունկցիոնալ թաղամասի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին, ապա կոտրել ժամանակավորապես տեղադրված ալյումինե պարիսպը, երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ «Դեֆանս հաուզինգ» ընկերության անվտանգության աշխատակիցները, ովքեր մինչև շտապօգնության ժամանումը իրենց մոտ եղած բժշկական դեղատուփի միջից օգտագործելով անհրաժեշտ պարագաներ, օգնություն են ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնությունը նրան տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am