Կոտայքի մարզի Քասախ համայնքում այսօր՝ հոկտեմբերի 16-ին, մահացած 24-ամյա կինն ու անգիտակից վիճակում հայտնաբերված տղամարդիկ վարձով էին ապրում։ NEWS.am-ի հետ զրույցում տան սեփականատերը պատմեց, որ մեկ ամիս առաջ էր վարձակալության հանձնել բնակարանը ընտանիքին:
«Մի քանի օր է` բողոքում էին, որ իրենց վատ են զգում, սննդից թունավորվել էին երևի: Հիվանդանոց չէին դիմել, դեղատնից դեղ էին գնել ու խմել։ Նոր էին ամուսնացել, աղջիկը 24 տարեկան էր, տղան մոտ՝ 30: Աղջկա եղբայրն էլ էր նրանց հետ ապրում»,-պատմեց տան տերը:
Տան սեփականատերը պատմեց, որ առավոտյան կնոջ մայրը, որը նույն գյուղում է բնակվում, եկել է դստեր տուն, դուռը թակել, սակայն որևէ մեկը չի բացել. «Մեզ խնդրեց, փեսաս լուսամուտով մտավ տուն ու տեսավ, որ երեքն էլ անգիտակից են: Շտապօգնություն զանգեցինք, աղջիկն արդեն մահացած էր, տղաների կյանքը հաջողվեց փրկել, նրանք տեղափոխվեցին հիվանդանոց»:
Տան սեփականատերերը բացառեցին գազի արտահոսքի վարկածը, նշելով, որ դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն էլ ստուգել են, և ֆիքսել, որ գազի հոտ չի զգացվում:
«Մի քանի օր առաջ տղաներից մեկի ծնունդն էր, ծննդյան տորթն ու աղցանները դեռևս սառնարանում էին գտնվում: Ենթադրում եմ, որ հենց սննդային թունավորում է եղել: Երբ տուն մտանք, նկատեցինք նաև փսխումների հետքերը»,-պատմեցին տան սեփականատերերը:
Առեղծվածային դեպք՝ Քասախում. տներից մեկում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա դի. 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց