Արդեն 5–րդ օրը կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկն ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից` անզգուշության արդյունքում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Արարատի մարզի Վեդիի դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանը։
Դեպքը տեղի է ունեցել դասի ժամին, միջանցքում, երեխան խնդրել է ուսուցչից դուրս գալ` զուգարան գնալու համար, բայց հետ չի վերադարձել։
«5-րդ դասաժամն էր, ես փոխտնօրենի հետ միջանցքում էի, մի երեխա վազեց մեզ մոտ ու ասաց, որ Էլենը ընկավ։ Անմիջապես գնացինք, երեխան ընկած էր աստիճանների ներքևում։ Երեխան մի պահ աչքերը բացեց, ասացի` լսում ես, գլխով արեց` այո, որից նա մի պահ ցնցվեց ու սկսեց չարձագանքել»,– ասաց տնօրենը։
Այս ընթացքում դպրոցից զանգել են նաև շտապ բուժօգնության ծառայություն ու երեխայի ծնողներին։ Նրան տեղափոխել են Վեդիի բժշկական կենտրոն, այնուհետև Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: