Հայաստանի կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում «Զվարթնոց» օդանավակայանի «լևի» գործ անող տաքսիստների կամ, այսպես ասած, «գռդոնչիների» հախից գալ։ Դեռ Կարեն Կարապետյանի օրոք կառավարությունը որոշեց կարգավորել այս ոլորտը, որ Հայաստան ժամանող հյուրերը չօգտվեն «մատով չստիկով», «անթրաշ», «ծխախոտը բերանին» հակահիգիենիկ վարորդներով և հնամաշ մեքենաներով տաքսի ծառայություններից, և ավելի քաղաքակիրթ պայմաններում երթևեկեն։
Այդ ժամանակ տաքսիստները բունտ արեցին, հետո ինչ-որ շրջան թվում էր, թե կարգավորվեց խնդիրը, բայց կարճ ժամանակ անց՝ նորից վերադարձան հին բարքերին այնքան ժամանակ, մինչև օդանավակայանում հատուկ լիցենզիայով հայտնվեց «Էկո տաքսի» ընկերությունը, որը ծառայություն է մատուցում լրիվ նոր ու ժամանակակից Volkswagen ID3 մակնիշի էլեկտրական մեքենաներով։
Բայց սրանով էլ հարցը չլուծվեց։
Չնայած այս տաքսիների առկայությանը, օդանավակայանի ժամանման սրահում դարձյալ քեզ գալիս «կպշկվում են» Կարեն Կարապետյանի ասած այն «մատով չստիկով ու անթրաշ» դեմքերը՝ «գռդոնչիները» և «ստիպում», որ իրենցից օգտվես։ Բայց սա դեռ ամենը չէ։ Այդ «գռդոնչիները» նաև պարբերաբար խնդիրներ են հարուցում «Էկո տաքսի» ընկերության վարորդների համար։
MediaHub-ին պատմեցին, որ այդ «գռդոնչիները», որոնք մեքենաները կանգնեցնում են հիմնականում օդանավակայանից դուրս ու ոտքով մտնում ներս՝ հաճախորդ փախցնելու, հաճախակի սադրում են «Էկո տաքսիի» վարորդներին, կիսաձայն հայհոյանք հնչեցնում նրանց հասցեին, որ նրանց հետ վեճի բռնվեն, ճնշեն և վտարեն տարածքից, որ լիցենզավորված տաքսի ծառայություն մատուցողներն իրենց «գռդոնի» գործին չխփեն։ Նմանատիպ մի քանի դեպք արդեն եղել է վերջին ամիսներին, երբ «գռդոնչիները» արհեստական վիճաբանություն հրահրելով՝ հարձակվել ու ծեծել են «Էկո տաքսիի» վարորդներին, դեպքերից մեկի վերաբերյալ անգամ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, և նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե։
ՔԿ-ից MediaHub-ին հաստատեցին այս տեղեկությունները՝ նշելով, որ ստացված հաղորդումների առթիվ քրեական վարույթները քննվել են առերևույթ ծեծի հատկանիշներով, որոնք, սակայն, հաշտության հիմքով կարճվել են։ Մեզ պատմեցին, որ այդ «գռդոնչիները», որ հիմնականում Փարաքարի կամ հարակից բնակավայրերի բնակիչներ են, այնքան են լկտիացել, որ անգամ պարեկների հետ են վեճի բռնվում ու նրանց չեն ենթարկվում։ Օրինակ՝ վերջերս մի դեպք է եղել, երբ պարեկը մոտեցել է օդանավակայանի տարածքում (արգելված վայրում) կայանած այդպիսի մի տաքսիստի և խնդրել հեռացնել մեքենան արգելված վայրից, սակայն վարորդը չի ենթարկվել պարեկի պահանջին, սկսել է հոխորտալ նրա վրա, թե՝ «դու չպիտի ասես՝ ես որտեղ կանգնեմ» ու նմանատիպ այլ արտահայտություններ, որից հետո պարեկը ստիպված է եղել անկարգ վարորդին կարգի հրավիրել՝ նրան բերման ենթարկելով բաժին։
Իսկ հիմա ամենաուշագրավը․ օրեր առաջ՝ հոկտեմբերի 12-ին, Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Զվարթնոց» օդանավակայան՝ ծանոթանալու ռուսների «վտարումից» հետո ՀՀ սահմանապահների աշխատանքին։ Օդանավակայանից դուրս գալուց հետո նա որոշում է օգտվել հենց «Էկո տաքսի» ընկերության մեքենաներից։ Մեզ պատմեցին, որ Փաշինյանը, տեղյակ լինելով, որ օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման հետ կապված խնդիրներ կան, հետաքրքրվել է իրեն ուղեկցող բարձրաստիճան ոստիկաններից, թե լուծվե՞լ է խնդիրը, ինչին ի պատասխան՝ նրան ոչ այդքան վստահ տոնայնությամբ պատասխանել են, թե «լուծում են»։
Փաշինյանն էլ հրահանգել է, որ զբաղվեն այդ հարցով, որ անպայման վերջնական լուծում տրվի հարցին։
Իսկ ինչո՞ւ վստահ տոնով չեն ասել, որ լուծվել է, որովհետև Փաշինյանի այցից ընդամենը մի քանի օր առաջ հերթական միջադեպն է գրանցված եղել «գռդոնչիների» մասնակցությամբ, այսինքն՝ փարաքարցիների «մաֆիան» հերթական անգամ կոնֆլիկտի մեջ է մտած եղել «Էկո տաքսիի» վարորդների հետ ու խոչընդոտել նրանց աշխատանքը։ Դրա համար էլ ոստիկանությունից չեն կարողացել լիարժեք հավաստիացնել Փաշինյանին, որ հարցը լուծված է։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: