Գերմանացի բժիշկի կողմից քաղցկեղը կանխելու բաղադրատոմս ստեղծվեու հոդվածը կեղծ էր…Ներկայացնում ենք ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի հոդվածը

Գերմանացի բժիշկի կողմից քաղցկեղը կանխելու բաղադրատոմս ստեղծվեու հոդվածը կեղծ էր…Ներկայացնում ենք ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի հոդվածը:

Համացանցում և սոցցանցերում հաճախ անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի և օտարերկրացի այլ բժիշկների անունից տարածվում են գրառումներ՝ հրաշագործ դեղամիջոցների, «բնական միջոցների» մասին, որոնք իբր կարող են կանխել կամ բուժել տարբեր հիվանդություններ։ Շատ դեպքերում ուսումնասիրությունները պարզում են, որ կա՛մ նման բժիշկ գոյություն չունի, կա՛մ էլ նման որևէ հրաշագործ դեղամիջոց տվյալ անձը չի ներկայացրել։ Ավելին՝ այդ «հրաշագործ» դեղամիջոցները խաբեություն են։

«Գերմանացի բժիշկը բաղադրատոմս է ներկայացրել և նշել՝ եթե չեք ցանկանում գործ ունենալ քաղցկեղի հետ, ապա ձեզ հարկավոր է այս բնական բաղադրատոմսը»:

Սոցցանցերում տարածվում են գրառումներ գերմանացի բժշկի անունից, որն իբր քաղցկեղի դեմ բնական բաղադրատոմս է հայնագործել։

«Գերմանացի բժիշկը բաղադրատոմս է ներկայացրել և նշել՝ եթե չեք ցանկանում գործ ունենալ քաղցկեղի հետ, ապա ձեզ հարկավոր է այս բնական բաղադրատոմսը»,- նշված է գրառման մեջ։

Գրառման հետ կցված հոդվածի լուսանկարում իսկապես պատկերված է գերմանացի բժիշկ, նա կանանց վերաարտադրողական օրագանների ուռուցքների բուժմամբ է մասնագիտացած։

Ինչպե՞ս է տարածվում գրառումը

Գրառմանը կցված հոդվածում նշվում է, որ օրական կես բաժակ գազարից, ճակնդեղից, ծիրանի չրից, չամիչից ու մեղրից պատրաստված խառնուրդն օգտագործելու դեպքում «գործ չեն ունենա քաղցկեղի հետ»։

Գրառումը տարածվում է ֆեյսբուքյան տարբեր խմբերի միջոցով։

Էկրանապատկերը՝ ֆեյսբուքյան խմբերում տարածվող գրառումներից

Գրառմանը կցված հոդվածում Գերմանիայի Հեյդելբերգի համալսարանի պրոֆեսոր Քրիստոֆ Սոննի լուսանկարն է։ Տեղեկատվության բաց հարթակներում բժշկի՝ նման բաղադրատոմս ներկայացնելու վերաբերյալ որևէ հրապարակում չկա։

Իսկ քաղցկեղը՝ ըստ դրա տեսակի և օրգանիզմում զարգացածության աստիճանի, հիմնականում բուժվում է վիրահատությունների, քիմիական կամ ճառագայթային թերապիայի միջոցով։

Կան որոշ հետազոտություններ, որտեղ նշվում է, որ մի շարք մթերք կարող են նվազեցնել քաղցկեղի ռիսկը, այդ թվում գազարն ու ճակնդեղը, բայց դրանք հաստատված չեն։ Սակայն նման բաղադրատոմս ո՛չ գերմանացի, ո՛չ էլ այլ երկրի բժիշկների կողմից չի ներկայացվել։

Գրառմանը կցված լուսանկարի բժիշկի մասին
Պրոֆեսոր Քրիստոֆ Սոնը Հայդելբերգի համալսարանի Սալեմ հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժնի գլխավոր բժիշկն է։ Բժիշկը պարբերաբար լինում է Հայաստանում։ Նա 2016-ին 5-ամյա պայմանագիր է կնքել «Աստղիկ» բժշկական կենտրոնի հետ։ «Աստղիկ» բժշկական կենտրոնի կայքում նշված է, որ 2024-ի մարտի 15-19-ը գերմանացի բժիշկը պետք է խորհրդատվություն և վիրահատություններ իրականացներ կենտրոնում։

Լուսանկարը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնի էջից, մեջտեղում՝ բժիշկ Քրիստոֆ Սոնը
2022-ին բժիշկը քննադատությունների էր արժանացել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման անկատար թեստը ժամանակից շուտ հանրայնացնելու համար։

Քաղցեղը տարբեր մթերքով բուժելու կամ կանխելու վերաբերյալ պարբերաբար գրառումներ են տարածվում սոցցանցերով, որոնք իրականում ապացուցված չեն։ Ամիսներ առաջ գրառումներ էին տարածվում լիմոնի ու սոդայի խառնուրդի վերաբերյալ, որն իբր վերացնում է քաղցկեղի բջիջները, ինչին #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։

Այսպիսով, տարածվող գրառումը՝ գերմանացի բժիշկի կողմից քաղցկեղը կանխելու բաղադրատոմս ստեղծելու վերաբերյալ, կեղծ է։ Իսկ նման գրառումների նպատակը կցված կայքերի համար դիտումներ և դրա հաշվին գովազդ ապահովելն է։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am