Ինչպե՞ս է հնարավոր ուժեղացնել պետությունը․ Աժ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հռետորական հարց հնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Առաջին հերթին՝ ավելի ու ավելի արդյունավետ աշխատանքով, հատուկ չեմ ասում՝ ավելի շատ աշխատելով, որովհետև շատ աշխատել հասկացությունը մեզանում երբեմն առիթ է դառնում, որ շարժումը շփոթենք գործողության հետ։ Մեր իրականության մեջ մի այսպիսի բան կա, որ առավոտից իրիկուն չարչարվում ենք ու ոչ մի արդյունք չենք ստանում։ Դա նրանից է, որ մենք շարժումն ու գործողությունը շփոթում ենք։ Այո, կարելի է հազարավոր կալորիաներ ծախսել և զրո արդյունք ստեղծել։ Եվ դրանից էլ ձևավորվում է աշխատանքի նկատմամբ մեր միջին վիճակագրությունը։ Միջին հաշվով՝ արդյունավետ աշխատելը, շատ աշխատելն է, ավելի արդյունավետ աշխատելը՝ ավելի շատ աշխատելն է, այն տրամաբանությամբ, որ արդյունավետ աշխատելն ու շատ աշխատել հասկացությունների միջև է ընկած հարցի պատասխանը՝ մարդը չարչարվե՞լ է, թե՞ ստեծագործել, աշխատանքը տառապա՞նք է, թե՞ վայելք։ Անարդյունավետ, չսովորելու վրա հիմնված աշխատանքը տառապանք ու չարչարանք է, որը հիմնականում չի բերում արդյունքներ։ Իսկ արդյունավետ, արտադրողական, իմացության վրա հիմնված աշխատանքը հաճույք է, առնվազն այդպիսի հաճույք է նրա բերած արդյունքը, որն արտահայտվում է ավելի մեծ եկամուտներ բերելու տեսքով»,-բացատրեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ աշխատանքը ինքնին կարող է չլինել վայելք ու հաճույք, բայց եթե աշխատանքն իմացության վրա է հիմնված, արդյունավետ է ու արտադրողական։ Առնվազն նրա բերած եկամտի չափը, որն ակնհայտորեն ավելի մեծ է, արդեն հաճույք է և վայելեք է ստեղծում.
«Հետևաբար, պետությունը կարելի է ամրացնել ավելի ու ավելի արդյունավետ աշխատելով, արդյունք ստեղծելով, պետական հատվածի պարագայում՝ ավելի շատ մարդկանց համար հարստանալու հնարավորություն ստեղծելով, մասնավոր հատվածի պարագայում՝ ավելի շատ հարստանալով ու ավելի շատ հարկեր վճարելով։ Այսինքն՝ իրենք իրենց հարստացնելով։ Իսկ որպեսզի սա տեղի ունենա ՀՀ քաղաքացին պետք է իր բարեկեցությունը, այսինքն՝ հաց վաստակելու լավագույն գործիքը համարի իր պետությունը, ստեղծարար աշխատանքով զբաղվելու լավագույն տեղը համարի իր հայրենիքը, և այս նպատակին է ծառայում «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց» բանաձը»։
Նա ևս մեկ անգամ հայտարարեց՝ ՀՀ պետական բյուջեն իրական Հայաստանն է.
«Այսինքն՝ այն Հայաստանը, որը գոյություն ունի դեյուրե և դեֆակտո միաժամանակ, և այդ գոյության դեյուրե և դեֆակտո հատվածներն անքակտելի են»։