Այսօր երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-ամյակն է:
«Հայ ժողովուրդը կոմիտասյան երգին մեջ գտավ, ճանաչեց իր հոգին, իր հոգեկան ինքնությունը։ Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի։ Նա պիտի ապրի հայ ժողովրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի նրանով, ինչպես այսօր, այնպես էլ հավիտյան»,-ասել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը Կոմիտասի մասին:
Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը՝ Կոմիտասը, ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Անատոլիայի (Թուրքիա) Կուտինա (Քյոթահիա) քաղաքում: Նրա հայրը՝ Գևորգ Սողոմոնյանը, կոշկակար էր. միևնույն ժամանակ նա երգեր էր հորինում և օժտված էր գեղեցիկ ձայնով։ Երաժշտական վառ ունակություններով աչքի էր ընկնում նաև կոմպոզիտորի մայրը՝ Թագուհին, որը գորգագործուհի էր։ Անուրախ ու զրկանքներով լի էր Կոմիտասի մանկությունը։ Նա կորցրեց մորը, երբ չկար նույնիսկ մեկ տարեկան։ Հոր զբաղվածության պատճառով երեխայի խնամքն իր վրա վերցրեց տատը։ Յոթ տարեկանում Կոմիտասն ընդունվեց տեղի չորսդասյան դպրոցը, որն ավարտելուց հետո հայրը նրան ուղարկեց Բրուսա՝ ուսումը շարունակելու։ Վերջինս Կոմիտասին չհաջողվեց, և չորս ամիս անց նա տուն դարձավ բոլորովին որբացած. վախճանվել էր հայրը:
1893-ին նա ավարտում է ճեմարանը, ապա նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ Մանկավարժությանը զուգընթաց Կոմիտասը ստեղծում է երգչախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ, մշակում ժողովրդական երգեր, գրում իր առաջին ուսումնասիրությունները հայ եկեղեցական երաժշտության մասին։ 1895 թվականին Կոմիտասն օծվում է վարդապետի հոգևոր աստիճանով: Նույն թվականի աշնանը նա մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու: Սակայն, հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին՝ փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը: Այս պարապմունքները եվրոպական երաժշտական տեխնիկային տիրապետելու յուրատեսակ նախերգանք և ամուր հիմք հանդիսացան:
Կոմիտասի կյանքի հետագա իրադարձությունները կապված են Եվրոպայի խոշոր երաժշտական կենտրոնի՝ Բեռլինի հետ, ուր նա մեկնեց ուսանելու՝ կաթողիկոսի բարեխոսությամբ՝ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից: Կոմիտասն ընդունվում է պրոֆեսոր Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Վերջինիս պարապմունքներին զուգընթաց կոմպոզիտորն հաճախում է Բեռլինի Կայսերական համալսարանի փիլիսոփայության, գեղագիտության, ընդհանուր և երաժշտության պատմության դասախոսություններին: Ուսումնառության տարիներին Կոմիտասն հնարավորություն ունեցավ «շփվել» եվրոպական երաժշտության հետ՝ ավելի հարստացնելով գիտելիքների իր պաշարը, զբաղվել երաժշտա-քննադական գործունեությամբ:
1899 թ. սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին և իսկույն ձեռնամուխ լինում իր երաժշտական գործունեությանը: Կարճ ժամանակում Կոմիտասն արմատականորեն փոխում է երաժշտության ուսուցման դրվածքը ճեմարանում, ստեղծում է ոչ մեծ նվագախումբ, բարձր վարպետության հասցնում երգչախմբի կատարողական մակարդակը: Նա շրջում է Հայաստանի շատ վայրեր՝ գրի առնելով հազարավոր հայկական, քրդական, պարսկական եւ թուրքական ժողովրդական մեղեդիներ, կատարում երգերի մշակումներ: Լրջորեն զբաղվում է նաև գիտա-հետազոտական աշխատանքով. ուսումնասիրում է հայ ժողովրդական և հոգևոր մեղեդիները, աշխատում հայկական խազերի վերծանման վրա, ձայնեղանակների տեսությամբ:Կոմիտասն աշխարհի տարբեր երկրներում հանդես է գալիս որպես հայ երաժշտության կատարող և պրոպագանդիստ: Կոմպոզիտորը սկսում է խորհել նաև երաժշտական խոշոր, մոնումենտալ ձևերի մասին:
Կոմպոզիտորի աշխարհայացքի նմանօրինակ հիմքերը պետք է հանգեցնեին եկեղեցու և Կոմիտասի միջև անխուսափելի կոնֆլիկտի: Աստիճանաբար, եկեղեցու նոր ղեկավարների անտարբերությունը, վանական միաբանության հետադեմ խավի թշնամական վերաբերմունքը, բամբասանքներն ու զրպարտանքն ավելի մեծացան և թունավորեցին կոմպոզիտորի կյանքը, մի մարդու, որը ժամանակակիցների տպավորության մեջ գամվել է, որպես բացարձակապես աշխարհիկ անձնավորություն: Կոնֆլիկտն այնքան է խորանում, որ Կոմիտասը մի աղերսագին գրավոր դիմում է հղում կաթողիկոսին՝ թախանձելով իրեն ազատ արձակել, թույլ տալ հանգիստ ապրել և ստեղծագործել։ Այս դիմումն անհետևանք է մնում, և սկսվում է ավելի անսքող հալածանք Կոմիտասի նկատմամբ:
1910 թ-ին Կոմիտասը թողնում է Էջմիածինը ու մեկնում Կ.Պոլիս: Նա կարծում էր, թե Պոլսում կարող էր գտնել այնպիսի միջավայր, որը կհասկանար իրեն, կպաշտպաներ եւ կխրախուսեր իր գործունեությունը, այստեղ նա կկարողանար իրականացնել իր իղձերը: Նրա բոլոր նվիրական մտահղացումներն հանդիպում են տիրող իշխանությունների անտարբերությանն ու խորտակվում: Պոլսում Կոմիտասը կազմակերպեց երեք հարյուր հոգանոց խառը երգչախումբ՝ անվանելով այն «Գուսան»: Վերջինս մեծ ժողովրդականություն վայելեց բնակչության լայն շրջաններում: Նրա համերգային ծրագրերում հիմնականում տեղ էին գտնում հայ ժողովրդական երգերը:
Կոմիտասն հաճախ իր ժամանակն անց էր կացնում ուղևորությունների մեջ՝ հանդես գալով զեկուցումներով ու դասախոսություններով, իր կազմակերպած համերգներում ելույթ ունենալով որպես մեներգիչ ու խմբավար:
Կոմիտասն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգևոր գործերի ստեղծմանը։ Այս բնագավառում նրա գլուխգործոցը «Պատարագն» է՝ գրված արական երգչախմբի համար։
Կոմպոզիտորը կարևոր նշանակություն է տալիս նաև երաժշտագիտական գործունեությանը։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարությունը սկսեց իրագործել հայ ժողովրդի մի հատվածի դաժան և անմարդկային բնաջնջման իր հրեշավոր ծրագիրը։ 1915 թվականի ապրիլին մի շարք նշանավոր հայ գրողների, հրապարակախոսների, բժիշկների, իրավաբանների հետ մեկտեղ ձերբակալվեց նաև Կոմիտասը։
Խոշտանգումներով ուղեկցվող բանտարկությունից հետո նա աքսորվեց Անատոլիայի խորքերը, ականատես դարձավ հայ ժողովրդի անգութ բնաջնջմանը։ Ու թեև ազդեցիկ անձանց միջնորդությամբ Կոմիտասը վերադարձավ Պոլիս, բայց վերապրած սարսափներն անջնջելի հետք թողեցին նրա հոգեկան աշխարհի վրա։ Կոմիտասն առանձնացավ արտաքին աշխարհից, փակվեց միայն իր մռայլ ու ծանր խոհերի մեջ՝ ընկճված եւ մելամաղձոտ։ 1916 թվականին կոմպոզիտորի առողջական վիճակն է՛լ ավելի վատթարացավ, և նրան տեղափոխեցին հոգեբուժարան։ Սակայն ապաքինման ոչ մի հույս չկար։ Բժշկությունն անզոր էր փոխելու հիվանդության ընթացքը։
Հայ երաժշտության հանճարն իր վերջին ապաստանը գտավ Փարիզի Վիլ-Ժուիֆ արվարձանի հիվանդանոցում՝ անցկացնելով այնտեղ գրեթե քսան տարի։Իրականում Կոմիտաս Վարդապետի հիվանդության վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ։ Մինչ օրս նրա հիվանդությունն ու մահվան ստույգ պատճառը մնում է անհայտ։ Վերջինս անսպառ նյութ է հանդիսանում գիտական և պատմական ուսումնասիրությունների, քննարկումների համար։
1935 թվականի հոկտեմբերի 22-ին ընդհատվել է մեծն Կոմիտասի կյանքը։ 1936 թվականի գարնանը նրա աճյունը տեղափոխվեց Հայաստան և հողին հանձնվեց Երևանում՝ մշակույթի գործիչների պանթեոնում։