Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրից հայտնում են․
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր իրականացվեց կենսատու բջիջների 44-րդ հավաքագրումը: Հիվանդի համար դոնոր է հանդիսացել հարազատ եղբայրը՝ Գարիկ Պետրոսյանը, ով առաջին իսկ օրվանից վստահ էր, որ հենց ինքն է անպայման համընկնելու քրոջ հետ և հենց ինքը պիտի փրկի քրոջ կյանքը։ Գարիկը այս տարի ապրիլին արդեն իսկ նվիրաբերել է իր դոնորական ցողունային բջիջները քրոջը, սակայն այսօր քույրը կրկին իր օգնության կարիքն ունի և դոնորը կրկին անցնում է բջիջների հավաքագրման փուլը։ Բջիջները ժամեր անց լիցենզավորված միջազգային փոխադրողի ուղեկցությամբ կլինեն Գերմանիայում, որտեղ կիրականացվի փոխպատվաստումը։
Յուրաքանչյուր փոխպատվաստում փորձություն է: Մասնագետների շղթայի յուրաքանչյուր օղակ, որոնք ձեռքից ձեռք, երկրից երկիր են փոխանցում կյանքի հույսը, պետք է անխափան աշխատի: Այս ժամանակ բացվում են բոլոր սահմանները, մարդիկ ունեն միայն մեկ նպատակ՝ ժամ առաջ տեղ հասցնել կենսաբեր բջիջները և օգնել հիվանդին հաղթահարելու մահաբեր հիվանդությունը:
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:
Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան 33.500 դոնոր, ռեեստր դիմած 5867 հիվանդի հետ նախնական համընկնող 5816 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 44-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:
Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք»: