4 տարի առաջ այս օրը սկիզբ դրվեց իմ ընտանիքի տանջանքներին․ Բաքուն Գևորգ Սուջյանին դատապարտել է 15 տարով

2020 թվականի նոյեմբերի 11-ին Լիլիթ Սուջյանի կյանքն ամբողջությամբ փոխվեց։

Երիտասարդ կինը MediaHub-ի հետ զրույցում ասում է, որ ամուսնուն՝ Գևորգ Սուջյանին, Բաքվի բանտից Կարմիր խաչի միջոցով ամիսը մեկ անգամ ընտանիքի հետ խոսելու հնարավորություն է տրվում, սակայն դա չի մեղմում այն օրեցօր ուժգնացող ցավը, որ Գևորգին այնտեղ դատապարտել են 15 տարով։

«Այսօր իմ կյանքի ամենադաժան օրերից մեկն է, երբ սկիզբ դրվեց իմ ընտանիքի տանջանքներին և  դա շարունակվում է մինչև այսօր։ Չորս տարի անդադար սպասում, հուսահատություն, անքուն գիշերներ, որ միայն ես գիտեմ և Աստված… Գևորգի ապրումները ամեն բջիջով զգալով՝  ինձ վրա եմ վերցրել մեծ պատասխանատվություն և տանում եմ ուսերիս,  հուսալով, որ սա ևս վերջ ունի ու որ արդարությունը մի օր անպայման հաղթելու է»,-ասաց Լիլիթը։

Ամեն ինչ սկսվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ զինադադարից 2 օր անց։ Գևորգ Սուջյանն ու ընկերը՝ Դավիթ Դավթյանը գերեվարվել են Բերձոր-Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի Լիսագոր գյուղի տարածքից։

«Բարեգործական կազմակերպության նախագահ էր Գևորգը, պատերազմի ընթացքում շատ է գնացել Արցախ ու հետ եկել։ Շուշիի հատվածում ընթացող թեժ մարտերի պատճառով նոյեմբերի 7-8 գնացել էր Քարվաճառաի ճանապարհով ու հետ եկել Երևան։ Հրադադարի հաստատումից 2 օր անց նույն ծրագրով ուզում էր գնալ Ստեփանակերտ։ Մի քանի տեղից ճշտումներ է արել, վստահեցրել էին, որ Շուշիով ճանապարհը բաց է, ռուս խաղաղապահները տեղում են։ Այդպես, Լիսագորի հատվածում երկուսով՝ ինքն ու Դավիթը գերեվարվել են»,-պատմեց կինը։

Գևորգն ու Լիլիթը 13 տարեկան տղա ունեն։ Կնոջ խոսքով՝ իր ու ամուսնու խոսակցության հիմնական թեման ընտանիքն է ու իրենց որդու ապագան։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am