Իմ կինը չափահաս է և հաշվետու չէ իմ առջև. ՔՊ-ական պատգամավորին հունից հանեց կնոջ եկամուտների մասին հարցը

Կինս 2022 թվականին եղել է երեխայի խնամքի արձակուրդում, իսկ 2023 թվականին անցել է աշխատանքի, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր կնոջ եկամուտներին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տիգրան Պարսիլյանը։

Պատգամավորն ասաց, որ կինն աշխատում է որպես ուսուցիչ և որ դրանից բացի, նաև իրականացրել է վերապատրաստման տարբեր ծրագրեր․ «Իմ կինը չափահաս է և հաշվետու չէ իմ առջև, հաշվետու է հանրության առջև։ Ես չէ, որ պետք է գնամ իմ կնոջից հաշվետվություն պահանջեմ իր աշխատավարձի վերաբերյալ։ Կարող է ձեր պատկերացրած ընտանիքի մոդելն այդպիսին է, բայց իմը այդպիսին չէ»։

Նա շատ վրդովվեց լրագրողների՝ կնոջ եկամուտներին վերաբերող հարցերից և նշեց, որ կնոջ եկամուտներն ամեն տարի վերլուծության չի ենթարկել։

«Դուք խոսում եք կրթահամալիրի աշխատակցի մասին, որը ՊՈԱԿ է, իրենց աշխատավարձը չի գեներացվում  միայն պետական ֆինանսավորմամբ։ Այնտեղ այլընտրանքային կրթություն,  վերապատրաստման ծրագրեր կան։ Իմ կինն աշխատել է ոչ թե ուսուցչի մի քանի ժամը, ինքն աշխատել է այնքան, ինչքան շատ-շատ ուսուցիչներ չեն աշխատել՝ կտրելով երեխաներին հատկացվող ժամանակից»,-ավելացրեց նա։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am