«Հենց դուռը բացվել ա, տղերքն առաջ են եկել, և չեն թողել նկարել…(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ Արցախի շրջափակման պատճառով ավելի քան մեկ ամիս ընտանիքից բաժանված 16 երեխա, որոնք դեկտեմբերին եկել էին Հայաստան «Եվրատեսիլը» նայելու և մնացել Գորիսում, 2 մեքենայով, ռուսական խաղաղապահ զորակազմի և ևս 2 մեքենայի ուղեկցությամբ, վերադարձել են Արցախ։

Սակայն Շուշի-Քարին տակ հատվածում ադրբեջանցիները խոչընդոտել են մեքենայի ընթացքը, իսկ նրանցից 10-15 հոգի քաղաքացիական հագուստով ներխուժել են մեքենաներ և, չենթարկելով ռուս խաղաղապահների հորդորներին և ճանապարհը բացելու ազդանշաններին՝ սկսել են տեսանկարահանել երեխաներին, և վախից նրանցից մեկն ուշաթափվել է։

Ադրբեջանցիների տարածած տեսանյութում տեսանք արցախցի շեփորահար Վահագնին, որը 38 օր ընդումիջից հետո տուն էր վերադառնում։

Վահագնը պատմում է, որ ցերեկը, երբ Գորիսում զբոսնելիս են եղել, իրենց ասել են, որ Արցախ վերադառնալու հնարավորություն կա, և պետք է կես ժամվա մեջ պատրաստվեն։

Երեխաներն արագ պատրաստվել են, հավաքել իրերը։ Վահագն ասում է, որ տնեցիների համար խանութից առաջին անհրաժեշտության մի քանի ապրանք՝ մակարոնեղեն, կաթնամթերք, մի քանի դեղ, հիգիենայի պարագաներ են գնել։ Հետո՝ 4:30-5:00-ի սահմաններում, ռուս խաղապահների ուղեկցությամբ, ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։

Երբ հասել են ադրբեջանցի «բնապահպան» ցուցարարներին, մեքենաները դանդաղել են, քանի որ նրանք խոչընդոտել են մեքենաների ընթացքն ու չեն ենթարկվել ռուս խաղաղապահների ազդանշաններին և հորդորներին, ապա նրանցից մոտ 10-15 հոգի ներխուժել են երեխաներին տեղափոխող մեքենաներ։

Վահագնը պատմում է, որ իրենց մեքենա մտած ադրբեջանցիները ներկայացել են՝ որպես լրագրող, սկսել են տեսանկարահանել, ինչից հետո հյութ են առաջարկել, սակայն երեխաները մերժել են. ադրբեջանցիների տարածած տեսանյութում երևում է հենց այդ հատվածը։

Մյուս մեքենայի մեջ ադրբեջանցիները փորձել են մտնել մի քանի հոգով, սակայն այնտեղ երեխաները, որոնց հետ եղել են նաև ռուս խաղաղապահներ, դիմադրել են ու չեն թողել, որ նկարեն։

«Հենց դուռը բացվել ա, տղերքն առաջ են եկել, և չեն թողել նկարել։ Մենք քիչ էինք, համ էլ, ռուս խաղաղապահներն այն մեքենայում էին, ու իրենք էլ էին քաշում, որ չմտնեին նկարեին»,-պատմում է Վահագնը. հենց այդ մեքենայում է աղջիկներից մեկն ուշաթափվել։

Հետո, երբ մեքենաներն արդեն շարունակել են ընթացքը, ադրբեջանցիներն սկսել են բարձր գոռգռալ և վանկարկումներո ճանապարհել երեխաներին։

Վահագնը պատմում է՝ թեև ներքուստ թեթև անհանգստություն էր զգում, սակայն ոչ ադրբեջանցիների տեսանկարահանումից, այլ որ նրանք չէին ենթարկվում ռուս խաղաղապահների հորդորին՝ իջնելու և դադարեցնելու նկարահանումները։

«Քանի որ դիմացը նստածներից մեկը ես էի, մտածում էի՝ կարո՞ղ է ադրբեջանցին ինչ-որ բան անի, անհանգստություն կար, իհարկե։ Մարդիկ կային, որ դեմքները փակել էին, չէին ուզում նկարեին, բայց իմ մոտ ըտենց բան չկար. ուղիղ իրեն էի նայում՝ կամեռային. որ դեմքս փակեի, կարող ա էդ ժամանակ մի բան աներ, չկարողանայի նկատել, չկարողանայի ինչ-որ բան անել. ուզում էի՝ իր գործողություններին նայեի, տեսնեի՝ ինչ կանի»,-պատմում է Վահագնը՝ նշելով, որ սպասում էր, որ ադրբեջանցիները սադրանք պետք է գործադրեին։

Վահագն արդեն տնեցիների կողքին է՝ Ստեփանակերտում, որտեղ այսօր առավոտվանից Ադրբեջանը կրկին խափանել է Արցախ մուտք գործող միակ գազատարի աշխատանքը, բացի այդ, Արցախում շարունակվում են հովհարային անջատումները։ Սակայն Վահագնը չի դժգոհում. նա արդեն իր տանն է՝ Արցախում.

«Հիմա, որ հարազատ հողում եմ, շատ լավ է. կա ընդհանուր անհանգստություն այս վիճակի հետ կապված, բայց որ եկել եմ ստեղ, ներքուստ արդեն խաղաղվել եմ։ Բոլոր երեխաները գիտեին, որ այստեղ այդքան էլ լավ չի վիճակը, բայց բոլորն էլ ուզեցան գան իրենց հող, իրենց ծնողի մոտ»,-ասում է Վահագնը։

Արցախում էր մնացել նաև Վահագնի սիրելի գործիքը՝ շեփորը, որին մեկամսյա ընդմիջումից հետո Վահագնը «հանդիպեց» նույնպես կարոտած. մկանները նորից պետք է սովորեն, վերհիշեն նաև այն նվագը, որով մի քանի ամիս առաջ նրան գտանք Էջմիածնում՝ «Իմ սիրտը լեռներում»-ն է նվագելիս, երբ Վահագնը մտովի Հադրութի Մեծ Թաղեր գյուղի լեռներում էր։

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*