Կարգապահական գումարտակում երեկ մահացած հայտնաբերված Նարեկ Գրիգորյանի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրվարույթ է նախաձեռնել։ Գերատեսչության տվյալներով՝ Գրիգորյանի դին հայտնաբերվել է կախված վիճակում։
Արարատի մարզի Աբովյան գյուղում բոլորը շվարած են։ Նարեկի հասակակիցներից մեկը MediaHub-ին փոխանցեց, որ հնարավոր չէ, որ Նարեկն ինքնասպանության գնար։ ««Կորած» տղա չէր, աշխույժ էր, շփվող ու պատասխանատու։ Նաև առանձնահատուկ հարգանք ուներ աղջիկների նկատմամբ։ Ես չեմ հավատում, որ նա կգնար այդ քայլին, ինքն այդպիսի տղա չէր»,- նշեց մեր զրուցակիցը։
19-ամյա զինվորն, ըստ Աբովյանի վարչական ղեկավարի, ծնողների միակ տղան էր, իրենից փոքր ևս 3 քույր ունի։
«Համեստ, նորմալ ընտանիքի տղա էր։ Ծնողները գյուղական կյանքով ապրող մարդիկ են։ Թե ի՞նչը կարող էր ինքնասպանության պատճառ հանդիսանալ՝ դժվարանում եմ պատասխանել։ Տարբեր վարկածներ են շրջանառվում գյուղում, ամեն դեպքում՝ դա քննիչների գործն է, իրենք կզբաղվեն։ Հարազատները ևս մասնակցել են հերձման գործընթացին։ Նարեկի դին դիահերձարանից տեղափոխում են գյուղ, մեկ ժամից Աբովյան գյուղի կուլտուրայի տանը տեղի կունենա նրա հոգեհանգիստը»,- ասաց Ավետիք Հարությունյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: