Դավիթ Նիկոլայի Առուշանյան (նոյեմբերի 25, 1989 թ․, Երևան, ՀԽՍՀ – սեպտեմբերի 29, 2020, Արեգասար լեռ, Արցախի Հանրապետություն), հայ զինվորական, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մայոր, Արցախի հերոս։
Լինելով Արցախի Պաշտպանության բանակի սպա՝ Դավիթ Առուշանյանը անմիջականորեն մասնակից է եղել 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսված 44-օրյա պատերազմին, պաշտպանել Արցախի Հանրապետության Մատաղիս-Թալիշ պաշտպանական բնագիծը։
Սեպտեմբերի 29-ին Արեգասար լեռան մոտ մայոր Դավիթ Առուշանյանը իր զինակիցների հետ մարտի մեջ է մտնում ընդդեմ Ադրբեջանի զինված ուժերի մեծաքանակ զորքի։ Հրամանատարությունից երկու անգամ ստանալով նահանջի հրաման՝ չի ենթարկվում և իր անձնակազմով ոչնչացնում է ադրբեջանական չորսից ավել զրահատեխնիկա ու պատճառում մեծ քանակությամբ կենդանի ուժի կորուստ։ Մարտի ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից խոցվում է մայոր Առուշանյանի հետևակի մարտական մեքենան, ինչի հետևանքով ինքն էլ վիրավորվում է։
Մայոր Առուշանյանը դուրս է գալիս իր խոցված զրահամեքենայից և մտնում հետևակի մեկ այլ մարտական մեքենա և մինչև զինամթերքի վերջանալը շարունակում սկսված անհավասար մարտը։ Այնուհետև Դավիթ Առուշանյանը մտնում է 3-րդ զրահամեքենան և շարունակում մարտական գործողությունները՝ իր զրահամեքենայով մխրճվելով ադրբեջանական զինուժի խորքը։ Մայոր Առուշանյանը զոհվում է իր վարած հետևակի մարտական մեքենայով ադրբեջանական զրահապատ մեքենայի մեջ մխրճվելով և այն պայթեցնելով։
Մայոր Դավիթ Առուշանյանի հետ միասին մարտնչում էին Հովիկ Ասատրյանը, Արեն Չոբանյանը։ Նրանց գործողությունների շնորհիվ ադրբեջանական զինված ուժերի մեծաթիվ ստորաբաժանումների առաջխաղացումը կանգնեցվում է:
Դավիթ Առուշանյանը պարգևատրվել է «Արիություն», «Անբասիր ծառայութան համար» մեդալներով, իսկ հետմահու՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի և Արցախի հերոսի կոչումով ու «Ոսկե արծիվ» շքանշաններով։
livenews.am