Հարազատ եղբայրներից առ այսօր լուր չկա․ Սիրանուշ Մնացականյան. տեսանյութ

Սիրանուշը ծնվել է 1997 թվականին Մարտակերտում, Եղիշը՝ 1990 թվականին Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում։ Մի օր նրանց ճանապարհները խաչվեցին ու որոշեցին միասին լինել։ Սիրանուշի ծնողներն ամուսնությանը սկզբում դեմ էին, պատճառաբանությունը մեկն էր՝ աղջիկն առաջին կուրսում է, դեռ պետք է սովորի։

Երիտասարդ զույգը միավորվեց առանց հարսանիքի, պարզապես միասին Երևան փախան ու Խաչմաչ վերադարձան որպես ամուսիններ։ Սիրանուշն ուսումը շարունակեց Արցախի պետական համալսարանի «Տարրական մանկավարժություն» բաժնում։ Եղիշը երկու բարձրագույն կրթություն է ստացել․ ավարտել է Ագրարային համալսարանի Արցախի մասնաճյուղը, մագիստրոսական կրթությունը շարունակել որպես իրավաբան։

Երկու զավակ ունեն՝ աղջիկ, տղա։

2020-ի սեպտեմբերին Սիրանուշն աշխատանքի անցավ գյուղի դպրոցում որպես դասվար, նույն ամսի 27-ին պատերազմ էր։ Ինչպես Եղիշը, այնպես էլ նրա հարազատ եղբայրը՝ Լեռնիկը երկու պատերազմ հաղթահարեցին, բայց ընտանիքի համար ճակատագրական դարձավ Հայկազովի բենզինի պահեստի չարաբաստիկ պայթյունը, որտեղ երկու հարազատ եղբայրներն ու նրանց հորաքրոջ տղան միասին էին։ Վերջինի ինքնությունը ԴՆԹ հետազոտությամբ պարզվեց 2023-ի նոյեմբերի տասին, հարազատ եղբայրներից առ այսօր լուր չկա, հետազոտությամբ ոչինչ չի բացահայտվել։

Ընտանիքին սա հույս է ներշնչում, հավատում են, որ մի օր հրաշք կկատարվի ու տղաները կվերադառնան։ Պիտի հավատան, որովհետև ուժ է պետք հայրերին սպասող փոքրիկներին մեծացնելու համար։

Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am