Պետություն պետք է չունենաք. գուբերնյա’ խնդրեմ. Փաշինյան. տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, թե ՀՀ պետական բյուջեից ծախսվող գումարն ամեն ընտանիքի ընտանեկան բյուջեի մաս է։

«Մարդն իր տանը նստած է, բայց իր կապիտալն աճում է, թե ինչքան է աճում՝ չեմ կարող ասել»,- կառավարության նիստին նշեց նա՝ նկատի ունենալով, որ ճանապարհները ասֆալտապատելու շնորհիվ տների գները բարձրանում են։

Ըստ Փաշինյանի՝ եթե ջրագիծ, մանկապարտեզ է կառուցվում գյուղերում՝ տների ու հողամասերի գներն աճում են։

«Առաջ 500 հազարանոց տանն էիք ապրում՝ առանց որևէ լրացուցիչ ներդրում անելու, հիմա 550 հազարանոց տանն եք ապրում։ Այն գումարը, որ բյուջեով հետ է գնում, ուղիղ մտնում է մարդու գրպանը, ինչը շատ կարևոր է։ Մենք պետք է անընդհատ ասենք՝ պետական բյուջեն ընտանեկան բյուջե է, մարդ կա՞ Հայաստանում, որ ասի՝ «չէ, այդպես չէ», չկա մի հոգի։ Ով որ մարտահրավեր կնետի այս շեշտադրմանը, ես կապացուցեմ, որ իր ընտանեկան բյուջեի մաս է»,- ընդգծեց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ոչ մի մարդ իր ընտանիքի համար չի ծախսում ավելի, քան ծախսվում է ՀՀ պետական բյուջեից։

«Կարող են լինել հաշված մարդիկ, որ այնքան շատ փող ունեն, որ շատ են ծախսում, բայց դա էլ հաշվարկի հարց է, կարող է պարզվի՝ նույնիսկ իրենք այդքան չեն ծախսում»,- նշեց վարչապետը։

Նա նկատեց․ «Ոնց որ մսերիցս պոկենք ու պետական բյուջեին վճարում անենք։

Հա, մեր մենթալիտետի մեջ մտած է, որ մեր պետությունը մեր թշնամին է, մեր պետությունը մեր հակառակորդն է, ովքե՞ր են մտցրել այդ մենթալիտետը, նրանք, ովքեր մտածում են, որ մենք պետք է չունենանք պետություն։ Ամեն ինչ արված է նրա համար, որ պետություն չլինի։ Գուբերնիա՝ խնդրեմ, ֆորպոստ՝ խնդրեմ, ուղղակի տարածք՝ խնդրեմ, բայց՝ ոչ պետություն։ Հայաստանում ուժեր կան ու միշտ եղել են, որ ասում են՝ հարկ մի վճարեք»։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo.am