
Լույս աշխարհ է եկել 2022թ․ սեպտեմբերի 13-ին՝ թշնամու նախաձեռնած ռազմական գործողությունների հետևանքով զոհված Գևորգ Ստամբոլցյանի երրորդ զավակը, ում, ի հիշատակ հոր, անվանակոչել են Գևորգ։
«Անվան ընտրության շուրջ չենք էլ մտածել․ ամեն մեկս մեր մտքում որոշել էինք, գիտեինք, որ Գևորգ պետք է դնենք։ Որ ծնվեց, ասացի՝ մեր Գևորգն եկավ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նորածնի քեռին՝ Մխիթար Հակոբյանը։
Երեխան ծնվել է Վարդենիսում, բայց քանի որ ժամանակից փոքր-ինչ շուտ է ծնվել, տեղափոխվել է Երևան՝ «Մուրացան» հիվանդանոց։
Մխիթարի խոսքով՝ երեխայի՝ ժամանակից մի քանի շաբաթ շուտ ծնվելու պատճառը Գևորգի կնոջ՝ Արմինեի ապրումներն էին։
«Չնայած Գևորգը զոհվելուց մի երկու ժամ առաջ զանգել, քրոջս ասել էր՝ ինչ էլ լինի, խոստացիր, որ քեզ ու երեխային լավ ես նայելու, բայց դե սթրեսների մեջ էր անընդհատ։ Հիմա էլ մեկ լացում է, մեկ ժպտում, խառն ապրումներ ունի»,-նշեց Մխիթարը։
Որ պիտի նորից հայր դառնար, Գևորգը գիտեր, բայց սեռը պարզ է դարձել նրա զոհվելուց հետո։
Գևորգ Ստամբոլցյանի այրին ու երկու որդիներին այժմ ապրում են Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրում:
Отправить ответ