Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցում նախորդ շաբաթ ծեծկռտուկ է եղել, ինչի հետևանքով 8-րդ դասարանի աշակերտը կոտրվածքներ է ստացել։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց աշակերտներից մեկի ծնողը։
«Դասարանի աշակերտներն են ներկա եղել, ասում են՝ լավ սովորղ տղա երեխային շանտաժի են ենթարկել դասարանի «խուլիգան» երեխաները, ասել են, որ դաս են հարցնում, չպետք է պատասխանես, նմանատիպ բաներ։ Երեխան չի ենթարկվել, գնացել և դասը պատմել է, դասամիջոցին մի քանի հոգով ծեծի են ենթարկել նրան, տախտակ են դրել մեջքին, բարձրացել են վրան, կանգնել, ինչի հետևանքով երեխայի ուսը և կողոսկրերը կոտրվել են, հիմա գիպս է դրված»,- ասաց մեզ դիմած ծնողը, ապա հավելեց, որ սա առաջին դեպքը չէ, որ այս դպրոցում նման արատավոր դեպքեր են լինում։
Oragir.News-ը կապ հաստատեց Զովունու Ռուբիկ Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Հարությունյանի հետ, հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղյա՞կ է նշված միջադեպից։
«Չի եղել նման բան»,- ասաց տնօրենը, ապա խնդրեց, որ նյութը չհրապարակենք․
«Եկեք դպրոց, մի հատ հասկացեք՝ ինչ է։ Կան մարդիկ, որ ցանկություն ունեն այս դպրոցը վարկաբեկելու։ Արդեն որերորդ անգամ հանրային կարծիեք եք ստեղծում՝ լրիվ անտեղի։ Երեխաները ամսի 20-ից դասի չեն, չի եղել նման բան, եթե կարելի է՝ մի գրեք, որովհետև իրոք անիմաստ է, չի եղել նման բան»։
Թեև դպրոցի տնօրենի հերքմանը, աշակերտի ծնողը պնդեց, որ նման դեպք եղել է, ավելին՝ աշակերտների անունները տվեց։
«8-րդ «Ա» դասարանում են սովորում, ծեծողի անունը՝ Ս․ է, իսկ ծեծված տղայինը՝ Ա․, դասղեկն էլ Տ․ Մկրտչյանն է։ Երկուսի ծնողներն էլ եկել էին դպրոց, տնօրենի սենյակում թեժ խոսակցություն է եղել․․․»,- վստահեցրեց մեր զրուցակիցը։
Oragir.News-ը կրկին կապ հաստատեց տնօրենի հետ, հարցրինք՝ շարունակո՞ւմ է պնդել, որ նման միջադեպ չի եղել, կոտրվածքներ ունեցող աշակերտ չունեն․
«Ծեծկռտուք չի եղել, երեխան դասի ժամին իրեն անհարգալից է պահել, ավելորդ բաներ է խոսել, կանչել, ծնողի հետ խոսել ենք։ Մյուս երեխան էլ կոտրվածք չունի, գիպսի մեջ չի, ընդհանրապես իրար հետ կապ չունեցող դեպքեր են։ Ա․ անունով երեխա ունենք, որ 1 ամիս առաջ ընկել է աթոռի վրա, բայց ոչինչ չի եղել,այդ պահին ցավացել է թև և վերջ։ Այս երկուսը իրար հետ կապ չունեցող դեպքեր են»։
Oragir.News-ը կապ հաստատեց նաև ծեծի ենթարկված տղայի մոր հետ, վերջինս, ասաց, որ տղան կոտրվածք ունի, բայց ոչ թե ծեծկռտուքի հետևանքով է եղել, այլ աթոռից ցած ընկնելու։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: