MediaHub-ը հերթական ահազանգն է ստացել ընթերցողներից այն մասին, որ հոգեմետ նյութեր պարունակող «Տրամադոլ» դեղորայքը դեղատներում վաճառքում չկա, հիվանդները մնացել են «շիվարած», իսկ նախարարությունից մեզ ահազանգած քաղաքացուն ասել են, որ այն վերջացել է, պետք է տենդեր հայտարարեն։
Նշենք, որ «Տրամադոլը» օփիոիդային ցավազրկող է, բժիշկները հաճախ այն նշանակում են քաղցկեղով հիվանդներին: «Տրամադոլի» մեծ չափաբաժինների ընդունումը կարող է հանգեցնել թմրամիջոցային թունավորման:
«Բժիշկը «Տրամադոլ» դեղն էր դուրս գրել, որն առանց դեղատոմսի չի վաճառվում, գնացի դեղատուն, ասացին՝ դեղը չկա, վերջացել է, երբ կլինի, չգիտեն: Զանգահարեցի առողջապահության նախարարություն, այնտեղից էլ ասացին, որ դեղորայքն իսկապես վերջացել է. և պետք է տենդեր հայտարարվի, որ այդ դեղերը գնվեն»,– ասաց մեզ ահազանգած քաղաքացին։
Ի՞նչ է կատարվում, արդյո՞ք այս դեղորայքի պակասը կա և ինչո՞վ են այն փոխարինում հիվանդների օգտագործման համար. այս հարցերը MediaHub-ն ուղղեց առողջապահության նախարարությանը։
«Մեծածախ ընկերություններում դեղն առկա է՝ Լամբրոն, Արմֆարմացիա։ Առողջապահության նախարարությունը չէ տվյալ դեղի տենդերն անում, այլ պոլիկլինիկան»,– նշեցին նախարարությունից:
Չնայած, որ նախարարությունից պնդում են, որ դեղն առկա է դեղատներում, մենք ստուգեցինք մի շարք դեղատների կայքերը, և բոլոր տեղերում դեղորայքը առկա չէ: Մեզ դիմած քաղաքացին էլ պնդեց՝ կոնկրետ այս դեղամիջոցի դեֆիցիտ կա, հիվանդները մնացել են առանց դրա, իսկ տենդերը դեռ չի հայտարարվել։
Ի տարբերություն դեղատների, դեղորայքի մասին հիշատակում պարբերաբար հանդիպում ենք ՆԳՆ հաղորդագրություններում, որոնցում նշվում է հանրապետությունում թմրամիջոցների օրեցօր աճող ապօրինի շրջանառության մասին: