«Բոլորս բոյկոտում ենք անհիմն թանկացումը, որը իր հետևից նոր թանկացումներ է բերելու»,- ասում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կոչ անելով վճարել 100 դրամ․ «Համոզված ենք, որ 100 դրամով հնարավոր է պահել այս տրանսպորտը։ Եթե լինենք միասնական մեր ուզածին կհասնենք»,- ասում է Մարությանը։
Մարությանը բոյկոտում է ուղեվարձի թանկացումը, կոչ անում երթևեկելու համար վճարել 100 դրամ:
Հիշեցնենք, որ այսօրվանից Հայաստանում տրանսպորտը թանկանում է։
Քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը, բոյկոտին է միացել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը քաղաքացիներին կոչ արեց վճարել միայն 100 դրամ, դա իրենց սահմանադրական իրավունքն է։
«Եթե զգում եք, որ օրենքի խախտում է լինում, ուղիղ եթեր մտեք, տեղեկացրեք»,- ասաց նա՝ քաղաքացիներին կոչ անելով վարորդների հետ վիճաբանության մեջ չմտնել։