Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Կուզենամ, որ երեկվա տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք․ Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև ձեռքբերված պայմանավորվածությանը։

«Երեկվա հայտարարության հետ կապված ես նախ կուզենամ, որ մենք տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք։ Չէի ուզենա, որ մենք գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզենա, որ թերագնահատենք։ Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց, պետք է գնահատենք դա»,-ասել է նա։

Հիշեցնենք՝ պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջեւ սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo