Մալխասյանց փողոցում «Շտապբուժօգնության» ենթակայանի ավտոկայանատեղիի ծածկը փլուզվել է, մեքենաներ են վնասվել (լուսանկարներ)

Ապրիլի 21-ին, ժամը 19։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալխասյանց թիվ 31 հասցեում գտնվող «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը փլուզվել է, տուժածներ չկան, վնասվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ։
Պարզվել է, որ փլուզվել է ավտոկայանատեղիի ծածկը (մոտ 60 քմ)՝ վնասելով «Opel» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել փլատակներից, հոսանքազրկել դրանք և փակել «Opel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo