Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ)

Մասիս քաղաքի թիվ 4 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը արցախցի երեխաների նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է դրսևորում»,- այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց աշակերտներից մեկի ծնողը՝ Դիանան։

Նրա խոսքով՝ մեկ անգամ չէ, որ Վրացյանը բուլինգի է ենթարկում Արցախից բռնի տեղահանված աշակերտներին։

 

«Ընկեր Վրացյանն իր ձեռքից գցել է գրիչը, իմ աղջիկը վերցրել ու ասել է՝ «ընկեր Վրացյան, ձեր գրիչը վերցրեք», շրջվել, բռնել է ուսից, թե՝ «արցախցիք պիտի մեռնեին, ոչ թե հասնեին ստեղ»։ Աղջիկս դողալով հասել է տուն, հիմա հազիվ եմ խնդրում, որ դպրոց գնա, ասում ա՝ «մամա, հիմա իր ցանկությունն է, որ եղբայրներս՝ Արթուրն ու Տիգրանը, պատերազմից ողջ դուրս չգայի՞ն»։ Իսկ մյուս ուսուցիչները հրաշք են, թե՛ որպես մարդ և թե՛ որպես մասնագետ, իսկ տնօրեն տիկին Բարսեղյանը ոսկե անձնավորություն է, առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերում արցախցիներին»,-ասաց Դիանան։

 

 

 

 

 

Ծնողի խոսքով՝ մի քանի օր առաջ էլ ոտքով հարվածել է իր քրոջ տղային, որը վերջերս էր վիրահատվել։

«Որտե՞ղ եք տեսել, որ ուսուցիչը քացով հարվածի աշակերտին»,- զարմանում է մեր զրուցակիցը, ապա ավելացնում, որ քրոջ որդու ոտքի ծնկի հատվածն ուռած հասել է տուն։

 

«Իհարկե՛ չենք լռել, հարցրել ենք՝ ինչո՞ւ եք հարվածել, ինչո՞ւ եք վիրավորում արցախցի երեխաներին, ախր առանց այն էլ դժոխքից են փրկվել, այդքան սթրես են տարել, ասում է՝ «ազդեցության տակ եմ եղել, կոկաին եմ օգտագործել…» հասկանո՞ւմ եք, կոկաինի ազդեցության տակ դպրոց մտնելը ո՞րն ա։ Անգամ եթե սա կատակ է, բա այդպիսի կատակ անո՞ւմ են: Համապատասխան տեսանյութեր էլ կան, որտեղ պարզ լսվում է իր ասածը։ Հոգեպես անհավասարակշիռ ոչ մի անձ, անկախ նրա մասնագիտական որակավորումից, չպետք է դասարան մտնի, եթե նա տարբերություն է դնելու մասիսցի, արցախցի և կամ գյումրեցի ու երևանցի աշակերտների միջև»,- շեշտեց մեր զրուցակիցը:

 

Նա նաև տեղեկացրեց, որ հաշվի առնելով երեխաների՝ Արև Վրացյանի պատճառով ու դպրոցի հանդեպ վախն ու վերաբերմունքը, խնդիրը հասցրել են իրավապահ մարմիններին և սպասում են զարգացումների:

 

MediaHub-ը ներկայացնում է նաև տեսանյութը, որում ուսուցիչը խոսում է «կոկաինի» ազդեցության տակ լինելու մասին:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo