Երբ մաման հարցրեց՝ «Նարեկին բերե՞լ ես», ուշաթափվեցի ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս

mediahub.am-ի զրուցակիցը 21-ամյա Նորայր Հովսեփյանն է։ Նա մանկուց երազել է բժիշկ դառնալ, սակայն, երբևէ մտքով չի անցել, որ մասնագիտական կարողություններն իրացնելու է պատերազմների արհավիրքներում։

Նորայրը սովորել է Ստեփանակերտի Թամարա Քամալյանի անվան բժշկական քոլեջում, զուգահեռ աշխատել է դեղատներից մեկում։ Երբ սկսվել է 2020 թվականի պատերազմը, նա 4-րդ կուրսի ուսանող է եղել։

«Բնականաբար, այդ ժամանակ գոնե հոսպիտալներն ունեին կամավորների կարիք։ Մեր կուրսից 4 հոգով գնացինք զինվորական հոսպիտալ, բուժանձնակազմին օգնում էինք մեր հնարավորությունների չափով ու քանի որ վիրակապել գիտեինք, վիրավորում ստացած զինվորականներին առաջին բժշկական օգնություն էինք ցուցաբերում։ Քաղաքի միակ գործող դեղատան վրա փակցված էր իմ հեռախոսահամարը։ Այն հոսպիտալից հեռու չէր, ես գնում ու անհրաժեշտ դեղերը տրամադրում էի բնակիչներին, հետո վերադառնում հոսպիտալ»,- MediaHub-ի հետ զրույցում հիշում է Նորայրը։

Քոլեջն ավարտելուց հետո Նորայր Հովսեփյանը ևս պայմանագրային հիմունքներով զինվորագրվել է ՊԲ-ին, ծառայության ընդունվել Իվանյանի բուժկետում որպես բուժակ։ 2023-ի սեպտեմբերյան մարտերի ժամանակ Նորայրն ինժեներասակրավորական ստորաբաժանման հետ ևս հայտնվել է պատերազմի ամենաթեժ կետում, վիրավորում ստացել։

«Ընդհանրապես միշտ ես էի բուժօգնություն ցուցաբերում, բայց սեպտեմբերի 20-ին ինքս հայտնվեցի այնպիսի իրավիճակում, որ օգնության կարիք ունեի։ Մենք գտնվում էինք անտառներում։ Ադրբեջանական կողմը շարունակ հրետակոծում էր»,- պատմում է նա։

Կապի բացակայության պատճառով Նորայրն ու զինակից ընկերները կտրված էին «արտաքին աշխարհից» ու տեղյակ չէին, թե ի՞նչ է կատարվում իրականում։ ՊԲ-ի լուծարման մասին լուրերը տղաները ստացել են հաջորդ օրը, երբ տղաներից մեկի եղբայրը եկել է եղբոր ետևից։ «Ասաց՝ «տղերք, բանակը կազմաքանդվում է, զենքերը վայր ենք դնում». այդպես իմացանք իրականությունը»։

Երիտասարդ բուժակին տեղափոխել են նախ հոսպիտալ, այնուհետև հանրապետական բժշկական կենտրոն։ Այնտեղ ցավազրկումներ են ներարկել, օգնություն ցուցաբերել. «Տանը նստել չէի կարողանում։ Հանրապետականում ու մյուս բժշկական կենտրոններում իմ ավագ գործընկերներն աշխատում էին գիշեր-ցերեկ ռեժիմով։ Որոշեցի միանալ նրանց ու օգնել, հակառակ նրան, որ ինքս էլ վիրավոր եմ»։

Եկավ սեպտեմբերի 25-ը։ Իրարանցումը, որ սկսվեց երեկոյան ժամին, աննկարագրելի էր Նորայրի համար։

«Բուժանձնակազմը վայրկյան չէր կորցնում, ամեն ինչ անում էինք, որ մեր հայրենակիցներն ապրեն։ Մեկին սրսկում էի, մյուսի վերքը կապում, միաժամանակ փնտրում եղբորս՝ Նարեկին, որը նույնպես եղել է դեպքի վայրում։ Հետո սկսեցի անուն-ազգանունով փնտրել, որովհետև դեմքը նույնականացնել հնարավոր չէր, բոլորն իրար նման էին»։

Նույն օրը և հաջորդող բոլոր օրերին Հովսեփյանների ընտանիքին Նարեկից ոչ մի լուր չի հասնում։ Աղետի վայրից հետո Հայաստան տեղափոխված վիրավորների թվում նրա անուն-ազգանունը չկար, ուստի որոնումները կենտրոնացել էին նաև Ստեփանակերտի «մորգ»-ում։

«Մենք արդեն պատրաստվել էինք գաղթին։ Սակայն, տեղի ունեցած աղետը և Նարեկի անհետացումը հանգիստ չէր տալիս։ Մորս աչքերին նայել հնարավոր չէր, չէի կարողանում ասել, որ այսօր էլ որոնումներն առանց արդյունքի են ավարտվել։ Գնացի տուն, գերհոգնած, գերլարված վիճակում։ Ու երբ մայրս հարցրեց, թե՝ «Նարեկին բերե՞լ ես», ես ինձ հետո չեմ հիշում՝ ուշաթափվել եմ ու 3 օր բառ չեմ խոսել, կորցրել էի խոսելու ունակությունս։ Դա տեսարաններից էր ու Նարեկին չգտնելու լարվածությունից»։

Գործընկերները դեղերի միջոցով Նորայրին ոտքի են կանգնեցրել։ Հայաստան տեղափոխվելուց հետո 40 օր անց դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է եղբոր ինքնությունը։ «Երբ հայրս զոհվեց հատուկ առաջադրանք կատարելիս, ես 2 տարեկան էի։ Հորս զոհվելուց հետո Նարեկի ողբերգական մահը ծանր հարված էր առաջին հերթին մորս ու մեր ընտանիքին»,- ասում է նա։

Հայաստանում արցախցի բժիշկների մեծ մասն աշխատանքի են տեղավորվել տարբեր բժշկական հաստատություններում։ Այստեղ գործընկերներն ասում են՝ Արցախի ճանապարհն անցած նոր ու փորձառու բժիշկներն արդեն իսկ անելիք ունեն Հայաստանում։ Չնայած երիտասարդ տարիքին, Նորայրը աշխատում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում՝ որպես վերակենդանացման բաժանմունքի բուժակ։

«Շնորհակալ եմ գործընկերներիս։ Նրանք այստեղ ինձ այնպես ջերմ ու հարազատորեն են դիմավորել, ու այնպիսի մոտեցում են ցուցաբերել, որ այդ միջավայրն ինձ օգնել է, որ հաղթահարեմ ինձ բաժին հասած փորձությունը»,- հավելեց մեր զրուցակիցը։

 

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo