Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանք

Մայիսի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքն ամփոփող խաչ-մասունքարանը առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով:

Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մեծագույն սրբի մասունքարանով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև սրբազան մասունքը Նորին Սրբությունը փոխանցեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։

Սուրբ Շողակաթ վանքի առջև թափորը դիմավորեցին բազմաթիվ ուխտավորներ` Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի գլխավորությամբ: Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Արիս աբեղա Տոնոյանը։ Սրբազան արարողության ավարտին Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչով օրհնեց հավատացյալ ժողովրդին:

Կիսվել սոց․ ցանցերում ՝
Megainfo