Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը՝ հղի Սոնա Մնացականյանին սպանության ելքով վրաերթի ենթարկելու գործից «առեղծվածային» եղանակով անհետացել են գործով անկյունաքարային փաստ հանդիսացող՝ շարասյան ռադիոկապի ձայնագրությունները։ Այս մասին նշել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար Գոհար Մելոյանը։
«Իրականացնելով հանցավոր արարք՝ երկրի բարձրագույն պաշտոնյայի մասնակցությամբ մի ողջ ավտոշարասյուն փախուստի էր դիմել։ Այս ակնհայտ պարզ գործով ԴԵՌ չկա դատական ակտ»,- գրել է նա։
Գ.Մելոյանն ընդգծել է. «Վարչապետի ավտոշարասյան տեղաշարժը, մինչ օրս՝ կազմակերպվում է ողջամտության ու ՃՏՊ կանոնների շրջանցմամբ՝ կաթվածահար անելով մարդկանց առօրյան եւ մի շարք դեպքերում մարդու հիմնարար իրավունքները, ինչպես բացարձակ կյանքի իրավունքը՝ Սոնա Մնացականյանի դեպքում»։
Նա նաև հիշեցրել է. «3 տարի առաջ՝ անթույլատրելի արագությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստին շտապող վարչապետի ավտոշարասյունը՝ սպանության ելքով վրաերթի ենթարկեց, թույլատրելի հատվածով փողոցն անցնող հղի կնոջը։
Արդյունքում՝
ՉԿԱՆԳՆԵՑ տասնյակ մեքենաներից գեթ մեկը,
ՉՑՈՒՑԱԲԵՐՎԵՑ օգնություն»։
Այսօր 18.30-ին կկայանա մոմավառության և ծաղիկներ խոնարհելու արարողություն Պարոնյան-Լեո խաչմերուկում՝ Սոնայի սպանության վայրում։
«Այսօր, ժամը՝ 18:30-ին, ընկերներիս հետ լինելու եմ Պարոնյան-Լեո խաչմերուկին՝
ի՛ հիշատակ Սոնա Սոնա Մնացականյանի եւ նրա չծնված բալիկի,
ի՛ պահանջ արդարության վերականգնման,
ի՛ կանխում մահաբեր շարասյան նոր զոհերի»,- գրել է Մելոյանը։