Շատ ուրախ եմ, որ կարողացա ոսկե մեդալ նվաճել իմ առաջին մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, որի համար շնորհակալ եմ Աստծուն եւ իմ մարզիչներին:
Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի չեմպիոն, 17-ամյա Համլետ Մանուկյանը, որը նախորդ գիշեր Հայաստանի թիմի հետ վերադարձավ հայրենիք:
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նժույգ թափեր վարժության եզրափակիչում 17-ամյա Համլետ Մանուկյանը 14.766 միավորով նվաճեց իր առաջին ոսկե մեդալը մեդածահասակների Եվրոպայի առաջնությունում:
«Եվրոպայի առաջնությունը լավ ստացվեց: Տպավորություններս շատ լավն են: Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Շատ ուրախ եմ, որ կարողացա ոսկե մեդալ նվաճել: Շնորհակալ եմ Աստծուն այս հաղթանակի համար: Նաեւ այս հաղթանակի համար շնորհակալ եմ իմ մարզիչներին: Իմ ընկերների նվաճած մեդալների համար եւս շատ ուրախ եմ:
Սպասումներով էի մեկնել, ինչպես յուրաքանչյուր մրցաշարի եմ մեկնում: Միշտ մեկնում ենք հաղթանակի համար, բայց մրցաշարն է ցույց տալիս, թե ինչպես կստացվի: Նժույգ թափեր վարժությունում իմ մրցակիցները բոլորն էլ ուժեղ էին: Եվրոպայի առաջնություն էր, եւ բոլոր ուժեղները մասնակցում էին»,- ասաց Համլետ Մանուկյանը:
Այս վարժությունում Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Մամիկոն Խաչատրյանը, որը Համլետ Մանուկյանին զիջեց շատ քիչ միավորներով: Խաչատրյանը արծաթե մեդալակիր դարձավ 14.733 միավորով:
Սպորտային մարմնամարզության նժույգ թափեր վարժությունում Եվրոպայի առաջնություններում անկախ Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է Հարություն Մերդինյանը 2016 թ. Բեռնում: Այս վարժությունում Հայաստանի երկրորդ տիտղոսը նվաճել է Արթուր Դավթյանը 2021 թ. Բազելում: 2022 թ. Մյունխենում Հարություն Մերդինյանը հռչակվել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

