Создание сайтов

Երևանում տղամարդը հարձակվել է բանկից 15 մլն դրամ ստացած կնոջ վրա և «թռցրել» գումարը

ggg

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց Արման Մելքոնյանի գործի դատական քննությունը:

 

 

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի հունվարի 20-ին, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում Արման Մելքոնյանը տուժող կնոջ՝ Կ.-ի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ կատարել է ավազակային հարձակում և հափշտակել է կնոջ պայուսակում եղած առանձնապես խոշոր չափի գումարը՝ մոտ 15 միլիոն դրամ:

Տուժող կինը՝ Կ.-ն, այդ օրը ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղում մարել էր իր ավանդը, ստացել էր վերոհիշյալ գումարը ու դուրս էր եկել բանկից:

Ինչպես կպարզվի հանցագործության բացահայտումից հետո՝ Արման Մելքոնյանը Կ.-ին սկսել է հետևել հենց բանկի մասնաճյուղում: Երբ կինը ստացել է գումարը, դուրս է եկել, Արմանը գնացել է նրա հետևից, շքամուտքում կատարել է հարձակումը՝ կնոջը վնասվածքներ է պատճառել, խլել է պայուսակն ու փախել է: Պայուսակի միջից հափշտակել է բանկից ստացված փողով տոպրակը ու պայուսակը նետել է՝ չիմանալով, որ կնոջ պայուսակի մեջ ևս… 7 միլիոն դրամ կար:

Տուժող Կ.-ն ՎՏԲ-Հայաստան բանկի իր մասնաճյուղ գնացել էր դեպքի նախորդ օրը՝ 2017 թվականի հունվարի 19-ին: Նա մտադիր էր իր ավանդին գումար ավելացնել, սակայն դժգոհ է մնացել բանկում իր ավանդի նկատմամբ գործող տոկոսադրույքից ու ասել է, որ ավանդը կհանի, մեկ այլ բանկ կտանի:

Նրան հորդորել են հաջորդ օրը ներկայանալ՝ ասելով, որ միգուցե նրա ավանդի նկատմամբ այլ տոկոսադրույք կարող է կիրառվել:

Սակայն հաջորդ առավոտյան բանկի մասնաճյուղից զանգել են կնոջ որդուն ու ասել են, որ ավելի բարձր տոկոսադրույք առաջարկել չեն կարող, նրա ավանդի գումարը արդեն պատվիրված է, նա կարող է օրվա ընթացքում բանկ այցելել ու ավանդը մարել:

Կնոջ ընտանիքը մտադիր է եղել տարածք ձեռք բերել, դրա համար կնոջ մոտ առկա է եղել հավելյալ գումար:

Ավանդի ամբողջ գումարը՝ 15 միլիոն դրամից ավելի, կինը ստացել ու բանկի աշխատակցուհուն հարցրել է՝ իսկ վտանգավոր չէ՞ այս գումարով ձեր բանկից դուրս գալը: Կնոջը խորհուրդ են տվել զանգել որդուն ու վերջինիս ուղեկցությամբ տուն գնալ: Բայց կինը տուն է գնացել մենակ և ենթարկվել է հարձակման…

Հարձակումը կատարողը հայտնաբերվել է ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու փորձի ժամանակ, երբ նա ուրիշի անձնագրով փորձում էր փախչել Հայաստանից:

Արման Մելքոնյանին մեղադրանք է առաջադրված ավազակային հարձակման, ուրիշի փաստաթուղթ օգտագործելու և պետական սահմանը ապօրինի հատելու փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325 հոդվածի 1-ին և 34-329 հոդվածի 1-ին մասերով:

ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղի ներսում առկա տեսանկարահանող սարքերի նկարահանած նյութերի ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ Արման Մելքոնյանը Կ.-ին հետևել է հենց բնակի ներսում, ապա նրա հետևից դուրս է եկել…

Քննության ընթացքում տուժող կողմը այն դիրքորոշումն ուներ, որ ամբաստանյալի աթոռին միայնակ նստած Արման Մելքոնյանը իրականում մենակ չի գործել, նա ունեցել է սատարողներ:

 

 

 

Հարձակման ենթարկվելուց հետո տուժող կինը ոստիկանների ու իրավապահների ուղեկցությամբ վերադարձել է բանկի մասնաճյուղ, այնտեղ ասել է՝ խփեց, փողերս տարավ…

Տուժողի գումարի հափշտակությունից հետո Արման Մելքոնյանը փորձել է ՀՀ պետական սահմանը հատել ո՛չ իր անձնագրով, այլ՝ դիլիջանցի Աշոտ Ա.-ի անձնագրով: Կեղծիքը բացահայտվել է սահմանապահների կողմից:

Գործով վկա, դիլիջանցի 40-ամյա Աշոտ Ա.-ն սկզբում վարույթն իրականացնող մարմնին հայտնել է, թե անձնագիրը կորցրել է ու չի կարող ասել՝ այն ինչպե՞ս է հայտնվել սահմանն ապօրինի հատող, իրեն միանգամայն անծանոթ Արմանի ձեռքին:

Սակայն գործի քննության ընթացքում Աշոտ Ա.-ն փոխել է ցուցմունքը: Նա հայտնել է, թե Դիլիջանում պատահաբար հանդիպել է մինչ այդ իրեն անծանոթ մի երիտասարդի՝ խոսքը հենց Արմանի մասին, ով ներկայացել էր «Արմեն» անունով: Օգնել է նրան՝ տեսնելով, որ մեքենան փչացել է:

Հեռախոսահամարներ են փոխանակել:

Երկու օր անց «Արմենը» զանգել է Աշոտին, առաջարկել է հանդիպել Դիլիջանի Գետափնյա փողոցում: «Արմենն» առանց այլևայլության իրեն անծանոթ Աշոտին ասել է՝ մի անգամ օգնեցիր, ախպե՛ր ջան, մի անգամ էլ օգնի…

«Արմենը» խնդրել է, որ Աշոտը նրան հանձնի իր… անձնագիրը, քանի որ ընկերներից մեկը շտապ գործով պետք է Հայաստանից դուրս գա, բայց այդ ընկերոջ անձնագիրը գտնվում է «կալանքի մեջ»:

Մի քանի օր հետո «Արմենը» նորից է հայտնվել Դիլիջանում: Աշոտի հետ հանդիպել է «Միմինոյի» արձանի մոտ: «Դե որ շատ ասեց՝ օգնի, ես էլ միամտացա, խղճացի, համաձայնեցի»,- դատարանում հայտնել է վկան:

Նա նույնիսկ իր անձնագրի մեջ տարել-«վիզա է խփել», հետո զանգել է «Արմենին», ասել է՝ պատրաստ է: Հանդիպել են, Աշոտն իր անձնագիրը հանձնել է «Արմենին»՝ դրա դիմաց՝ իր խոսքերի համաձայն, ոչինչ չստանալով:

«Արմենը» հավաստիացրել է՝ հենց որ ընկերը ՀՀ սահմանը հատի, անձնագիրը հետ կուղարկի: Աշոտ Ա.-ի վերաբերյալ նույնպես քրեական գործ է քննվել…

Դատարանը այս գործով դատական վիճաբանությունների փուլում է:

Մեղադրող դատախազը, հաստատված գնահատելով Արման Մելքոնյանի մեղավորությունը, միջնորդել է նրան վերջին հաշվով դատապարտել 11տարի ազատազրկման:

Տուժողը պահանջել է Արմեն Մելքոնյանին ենթարկել խստագույն պատժի:

Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Արման Մելքոնյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Ալվանդյանը:

Գործի քննության ընթացքում ամբաստանյալն ընդունել է, որ ինքն է տուժողից հափշտակել գումարը, սակայն չի ընդունել, որ հարվածել է տուժողին, այսինքն՝ ըստ պաշտպանական կողմի՝ կատարվել է ոչ թե ավազակային հարձակում, այլ՝ կողոպուտ՝ տուժողի կյանքի և առողջության նկատմամբ ոչ թե վտանգավոր, այլ ոչ վտանգավոր բռնություն է գործադրվել:

Պաշտպանի ճառի մեխը հենց արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու հարցն էր:

Այն, որ տուժողի վրա հարձակվելով՝ Արման Մելքոնյանը հարվածել է նրան, պատճառել է լուրջ վնասվածք, հայտնել է տուժողը, իսկ տուժողի ցուցմունքը հաստատվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ դատարանում հարցաքննվել է դատաբժիշկ-փորձագետը, ով պնդել է՝ տուժողը խնդրո առարկա վնասվածքը կարող էր ստանալ միայն հարվածի, ոչ թե ընկնելու հետևանքով:

Սակայն պաշտպանը գործի քննությամբ հաստատված չի գնահատում, որ իր պաշտպանյալը կատարել է ավազակային հարձակում: Պաշտպանի պնդմամբ՝ կատարվածը կողոպուտ է եղել, արարքը պետք է վերաորակվի ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Պաշտպանը հիշեցրեց, որ գործի նախաքննության սկզբում մեղադրանք է առաջադրված եղել հենց կողոպուտի համար, հետո է նախաքննական մարմինը ծանրացրել մեղադրանքը, Արման Մելքոնյանին նոր մեղադրանք է առաջադրել ավազակային հարձակման համար:

Ըստ պաշտպանի՝ ամբաստանյալի կողմից տուժողին հարվածելու մասին հայտնել է միայն տուժողը, նաև՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ է ամրագրվել տուժողի վնասվածքը հարվածի արդյունքում ստացված լինելը: Նման պայմաններում չփարատված կասկածները պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալի՝ պնդեց պաշտպանը:

Ա. Ալվանդյանը նշեց՝ եթե, այնուամենայնիվ, դատարանը միայն տուժողի ու դատաբժշկի ասածների վրա հիմնվելով՝ Արման Մելքոնյանին դատապարտի ավազակային հարձակման համար, ապա գոնե պիտի դատապարտի ո՛չ այն խիստ պատժաչափին, որը միջնորդել է մեղադրող դատախազը, պատիժը պետք է էականորեն մեղմ լինի՝ Արման Մելքոնյանի խնամքին են երկու անչափահաս երեխաները, որոնցից մեկը վատառողջ է, ինչպես նաև մեծահասակ ծնողները՝ դատարանը պետք է հաշվի առնի բոլոր մեղմացնող հանգամանքները:

Ամբաստանյալ Արման Մելքոնյանն ասաց. «Զղջում եմ կատարածիս համար, պահի ազդեցության տակ եմ կատարել… Ես ավազակային հարձակում չեմ կատարել, գումարը, այո, տարել եմ, բայց տուժողին չեմ հարվածել… Ես գումարը տանելուց անմիջապես հետո փոշմանեցի, նույնիսկ հետ եկա, բայց այնտեղ արդեն ոստիկաններն էին… Խնդրում եմ՝ հաշվի առեք, որ երկու անչափահաս երեխա ունեմ, նրանք իմ ձեռքին են նայում…»:

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսա Պետրոսյանը ռեպլիկով հանդես գալով՝ նշեց, որ ավազակային հարձակման մեղադրանքը գործի քննության ընթացքում ավելի քան հաստատվել է ձեռք բերված ապացույցներով:

Տուժող Կ.-ն պնդեց, որ ամբաստանյալն իրեն հարվածել է, ինքը դրանից հետո ընկել և, ի հավելումն արդեն ստացած վնասվածքների, ուսն էլ է ջարդել՝ «Կոտրվածքի ճռթոցը զգացի», իսկ Արմանը իր վրայով թռել ու վազելով հեռացել է:

Տուժողը նշեց, թե ամբաստանյալը նույնիսկ կալանավայրից է իրեն զանգել, խնդրել է չասել հարվածի մասին, որպեսզի կողոպուտով դատվի, գոնե չորս տարով ազատազրկվի, շուտ դուրս գա ազատություն ու գումարը վերադարձնի: Միևնույն ժամանակ, ըստ տուժողի, իր կրած նյութական վնասի հատուցման ուղղությամբ որևէ քայլ չի արվել ամբաստանյալի ու նրա հարազատների կողմից, իրեն միայն խաբել են: «Պահանջում եմ ամենաբարդ պատիժը իրա համար, նա իրեն ցինիկաբար է պահել…»,- ասաց տուժողը:

Ամբաստանյալի վերջին խոսքը դատարանը կունկնդրի հաջորդ դատական նիստում՝ հունվարի 11-ին:

 

1in.am

 


 






  • 1
  • 2
Prev Next

Բաց մի թողեք