Создание сайтов

Նախարարի հրամանի շուրջ դժգոհությունները չեն դադարում. ինչ տվեց աղմկալի որոշումը

ggg

ՀՀ առողջապահության ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանի սեպտեմբերի 7-ի հրամանի շուրջ դժգոհությունները չեն դադարում: Ըստ այդմ, նախարարության գլխավոր մասնագետներն այլեւս հանդես են գալիս որպես խորհրդատուներ:

 

 

Հիշեցնենք, որ Թորոսյանը թաքուն-թաքուն ամբողջովին փոփոխել էր ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտը առանց հաշվի նստելու երկար տարիների գլխավոր մասնագետների հետ: Ավելին` Թորոսյանը ինքնուրույն որոշել էր նաեւ կրճատել գլխավոր մասնագետների, այժմ արդեն խորհրդատուների թիվը` 76-ից հասցնելով 45-ի: Եվ ամենակարեւորը, փոփոխությունների է ենթարկվել նաեւ նրանց կազմը, առաջադրվող պահանջ-պայմանները եւ գործառույթների շրջանակը: Իսկ խորհրդատուների ցանկը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Համենայն դեպս, մինչեւ հիմա գլխավոր մասնագետ են համարվել այդ ոլորտի կարկառուն ներկայացուցիչները, որոնք ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս որպես բժիշկ մեծ համբավ ունեն: Բայց սա առաջին դեպքը չէ, երբ Թորոսյանը իր մտերիմներին «նշանակում է» կարեւոր պաշտոնների: Թեեւ գլխավոր մասնագետը պաշտոն չէ եւ այն կրողը երբեւէ չի վարձատրվել, այնուամենայնիվ այս դեպքում Թորոսյանը դարձյալ չի մոռացել իր ընկերներին, մտերիմներին եւ նրանցից մի քանիսին նշանակել է խորհրդատու: Իսկ նրանք, ովքեր ցանկից դուրս են մնացել եւ այլեւս չեն կոչվելու գլխավոր մասնագետ, այդ մասին տեղեկացել են պատահական. մեկին գործընկերն է զանգով փոխանցել, մյուսը մամուլի միջոցով, իսկ մի հատվածն էլ` մեր զանգից հետո: Այս մասնագետների թվում է նաեւ ՀՀ գլխավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը, «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը եւ այլք: Եւ ամենասարսափելին` առողջապահության ՔՊ-ական նախարարը ցանկը կրճատել է, որտեղ տեղ չեն գտել կարեւորագույն մասնագիտություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ցանկում տեղ չեն գտել կարեւորագույն մասնագիտությունները` գենետիկան եւ ռեւմատոլոգիան: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ արդեն նախկին գլխավոր գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թամարա Ֆադեյի Սարգսյանի հետ: «Ես շատ դեմ էի դրան, ոչ թե որ այլեւս գլխավոր մասնագետ չեմ, այլ ցանկից հանել են գենետիկան: Ես երկար տարիներ եղել եմ ՀՀ գլխավոր գենետիկ եւ, անկեղծ ասած, շատ աշխատանքներ եմ կատարել, բայց գլխավոր գենետիկի մասնագիտությունը ցանկից դուրս հանելու մասին սոցիալական ցանցերից եմ հանկարծակի իմացել: Ես ինքս էի ցանկանում, որ իմ փոխարեն գլխավոր գենետիկի կոչում ստանա երիտասարդ մասնագետ: Ես դա էի ուզում առաջարկեի նախարարությանը, բայց կատարվեց հակառակը»,- ներկայացրեց Թամարա Ֆադեւնան: Ըստ մեր զրուցակցի` այսօր այդ գիտաճյուղը ամբողջ աշխարհում ամենաժամանակակիցն է եւ ամենառաջատարը, չկա մի մասնագիտություն, որ չառնչվի գենտեիկայի տեստավորման, գենետիկական խորհրդատվության հետ: «Ես 20 տարիների ընթացքում աշխատանքային կապեր եմ հաստատել նախարարության հետ, եւ օր չի եղել, որ նախարարությունից մի հարց չստանամ` նամակների կամ հեռախոսազանգերի տեսքով, միշտ դիմել են ինձ: Որքան կարեւոր էր այդ մասնագիտությունը նախարարության համար: Բայց ես հիմա ոչինչ չունեմ ասելու, չեն ուզում, թող չլինի, մենք, միեւնույն է, մեր գործն ենք անում, մեր մասնագիտությունը զարգացնում ենք. մարդկանց շատ մեծ հոսք կա ե՛ւ Վրաստանից, ե՛ւ Ռուսաստանից: Ինձ համար միեւնույն է»,- նկատեց մասնագետը: «Ժողովուրդ» օրաթերթը Թամարա Ֆադեւնայից հետաքրքրվեց` արդյոք այս հարցով դիմել է առողջապահության նախարարություն եւ հայտնել իր դժգոհությունը: Հարցին ի պատասխան` մասնագետը վրդովված նկատեց. «Ինձ նախարարությունը շնորհակալություն ասե՞լ է… թող ասեին` գիտե՞ք ինչ, այսքան տարի եղել եք, շնորհակալ ենք, բայց հիմա չենք ուզում, որ մնա այդ մասնագիտությունը: Դա, իհարկե, շատ մեծ սխալ էր: Կհարցնեին` Ձեր կարծիքը, իսկ ես կասեի` օր չի եղել, որ նախարարությունից մեզ չդիմեին` ե՛ւ հազվադեպ հիվանդությունների, ե՛ւ բացատրությունների, ե՛ւ գենետիկայի խորհրդատվության հետ կապված»: Սակայն մեր զրուցակցին զայրացրել է այն, որ նախարարությունը գլխավոր մասնագետներին նախապես չի տեղեկացրել հրամանի, սպասվող փոփոխության մասին: «Ուղղակի ես համացանցում տեսա ցանկը, երկու անգամ կարդացի, պարզվեց, որ ցանկում ընդհանրապես տեղ չի գտել գենետիկան: Գիտեք` մենք երբեւէ չենք վարձատրվել գլխավոր մասնագետ լինելու համար, ոչինչ չենք ստացել, հակառակը, մենք էինք տալիս: Եւ ուրախ էի, որ ես տալիս էի: Թող չունենան խորհրդատվության կարիք: Դուք չեք պատկերացնում, գենետիկայի ասպարեզը այսօր ամեն տեղ օգտագործվում է` դիագնոստիկա, պրոֆիկլակտիկա, մենք ամեն օր հազարավոր ընտանիքների խորհրդատվություն ենք կատարում: Դե եթե չեն ուզում ոչինչ իմանալ, թող չիմանան: Հազարավոր հիվանդություններ ենք մենք ախտորոշում»,- նկատեց մասնագետը: Պարզվում է` բացի գենետիկայից ցանկում տեղ չի գտել նաեւ մյուս կարեւորագույն մասնագիտությունը` ռեւմատոլոգիան: Մինչդեռ Երեւանի արդեն նախկին գլխավոր ռեւմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Հարոյանի խոսքերով` մեր բնակչության 25 տոկոսը տառապում է այս կամ այն ռեւմատիկ հիվանդությամբ: «Հիվանդություններ են, որոնցով երիտասարդ մարդիկ են հիվանդանում: Ես դեռեւս օգոստոս ամսին ուզում էի հանդիպել նախարարի հետ, որպեսզի քննարկեի այն խնդիրների մասին, որոնք անպայման լուծման կարիք ունեն: Բայց նման բան չէր եղել վերջին տարիներին, ես զանգել եմ յուրաքանչյուր նախարարի քարտուղարուհու, ներկայացել եմ եւ ասել, որ ուզում եմ գալ, ապա ինձ զանգել են եւ ժամ, օր ասել: Բայց այս նախարարի պաշտոնավարման ժամանակ զանգել եմ, ինձ պատասխանում են` դուք պետք է նամակ գրեք նախարարին: Լավ, կարգը եթե այդպես է, ես նամակը գրեցի. նշել էի, որ ունեմ իր հետ քննարկելու ոլորտի կարեւորագույն հարցեր, բայց ինձ մերժեցին: Չէ՞ որ ես իմ անձնական հարցերով չէի գնում: Ինչից հետո հրապարակվում է այդ ցանկը, որտեղ մի մեծ մասնագիտություն պարզապես տեղ չի գտել: Մի ոլորտ, երբ բնակչության ամեն չորրորդը տառապում է ռեւմատիկ հիվանդությամբ»:

Սյունէ Համբարձումյան 

Armlur.am

 


 






  • 1
  • 2
Prev Next

Բաց մի թողեք