Создание сайтов

Ինչ կպայթեցնի Պավլիկ Մանուկյանը վարչապետի հետ հանդիպմանը

ggg

Հոկտեմբերի 10-ին կալանքից ազատ է արձակվել 2016 թվականի հուլիսին Սասնա ծռեր խմբի կազմում ՊՊԾ գունդը գրաված Պավլիկ Մանուկյանը, որը վերջին ամիսներին դատական գործընթացում արեց մի շարք աղմկոտ հայտարարություններ:

 

 

Պավլիկ Մանուկյանը կալանքից ազատ է արձակվում հատկանշական քաղաքական պահի, նկատի ունենալով ի դեպ ոչ միայն նրա աղմկոտ հայտարարությունները երեք ոստիկանների սպանության, ՊՊԾ գնդի բանկոմատի կողոպտման, Գարեգին Չուգասզյանի դերակատարության մասին, այլ նաեւ այն, որ Պավլիկ Մանուկյանը չմիացավ Սասնա ծռեր կուսակցության ստեղծման գործընթացին եւ հայտարարեց, որ չի աջակցում այդ կառույցի ստեղծմանը: Ազատության մեջ հայտնվելուց հետո Մանուկյանը հայտարարել է, որ անպայման հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ընդ որում, ասելով, որ «ով ասես հանդիպեց Սասնա ծռերի անունից, բայց Սասնա ծռերից ոչ ոք չի հանդիպել»: Մանուկյանը խոսում է ուշագրավ տողատակերով: Նա կրկնել է իր աղմկահարույց հայտարարությունները եւ ասել, որ այցելելու է նաեւ զոհված ոստիկանների շիրիմին, նշելով, որ «նրանց էլ զոհ» է համարում: Զոհերը ըստ էության հենց նրանք էին, այսինքն միայն երեք ոստիկաններն էին, հետեւաբար Պավլիկ Մանուկյանը ասելով, որ զոհ է համարում «նրանց էլ», ակնարկում է, որ կան էլի զոհեր: Խնդիրն այստեղ այն չէ իհարկե, որ խոսքը մինչ այժմ գաղտնի պահված զոհերի մասին է: Մանուկյանը գուցե ակնարկում է, որ «զոհաբերության» շրջանակը եղել է ավելի մեծ, պարզապես իրադարձությունների հետագա զարգացումը ընթացել է այնպես, որ ինչ որ կերպ կանխվել է այդ շրջանակի «ամբողջական» իրականացումը: Պարզ չէ, խոսքը հենց ֆիզիկական հնարավոր զոհաբերությունների մասին էր, թե՞ այլ բնույթի, երբ կարող էր զոհաբերվել ընդհուպ պետությունը: Հնարավոր է թե մեկը, թե մյուսը: Ի վերջո, 2016 թվականի հուլիսին ստեղծվել էր մի իրավիճակ, երբ իրադարձությունների զարգացումը իսկապես կարող էր բերել պետականության կորստի, եւ դա առանց չափազանցության, դատելով թե արտաքին արձագանքներից, թե ներքին իրողություններից: Եվ այդ իմաստով 2016-ի հուլիսյան դեպքերն առ այսօր շարունակում են մնալ բազմաթիվ հարցերով ու հարցականներով: Աներկբա է, որ համենայն դեպս կազմի մի զգալի մասով ազնիվ մղումներով մարդկանց ներառող խումբը կատարել է մի քայլ, որը բերել է հանցավոր ու ողբերգական հետեւանքի: Եվ անկասկած է նաեւ, որ թե հասարակության, թե իշխանության, թե մի շարք քաղաքական ուժերի համարժեք պահվածքի բացակայության դեպքում ողբերգության ծավալն ու խորությունը լինելու էր շատ ավելին: Արդյոք Պավլիկ Մանուկյանը կտա այդ կապակցությամբ եղած հարցերի գոնե մի զգալի մասի պատասխանը: Եվ կտա դա բարձրաձա՞յն, թե՞ կասի միայն Նիկոլ Փաշինյանին, հատկապես ներքաղաքական իրավիճակի համար ներկայիս վճռորոշ պահին, երբ հանգուցային փուլ է մտնում ամբողջական իշխանափոխության խնդիրը, եւ մեծ հաշվով հին համակարգը գուցե պատրաստվում է դիմադրության մի վերջին ջանքի: Ավելի վաղ դատարանում տարածվել էին այդ օրերին ՊՊծ գնդում հեռախոսազրույցները, այդ թվում Պավլիկ Մանուկյանի խոսքով, որը կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին «նետել աղբարկղը»: Իսկ Փաշինյանն այդ օրերին փորձում էր կանխել իրադարձությունների այնպիսի զարգացումը, որը կբերեր բախման ուժգնության: Փաշինյանը հենց այդ օրերից էր արձանագրում, որ հանրության հաղթանակի գրավականը զենքը չէ, այլ վեր պարզած ձեռքերն ու բռնությանը բռնությամբ չպատասխանելը: Խոշոր հաշվով, երկու տարի անց Նիկոլ Փաշինյանն ապացուցեց իր իրավացիությունը, սակայն Սասնա ծռեր խմբավորումը, եւ ընդհանրապես իհարկե Սերժ Սարգսյանից բացի ոչ այլ ոք չհամարձակվեց հայտարարել, որ Նիկոլը ճիշտ էր, իրենք սխալվեցին: Ի վերջո, նախկին իրականությունը միայն նախկին իշխանությունը չէ, այլ նաեւ այդ իշխանության բնույթից պրոյեկցված ընդդիմադիր իրականությունը, եւ այդ համակարգը կարող է հեռանալ միայն փաթեթով, ոչ թե միայն իշխանությամբ: Դրա փոխարեն սակայն նախկին տարբեր կալիբրի եւ բնույթի ընդդիմությունները փորձում են ամիսներ շարունակ «փայ մտնել» հեղափոխությանը, միայն թերեւս համեստության գերճիգով չհայտարարելով, թե թավշյա հեղափոխությունն իրականում իրենք են սկսել դեռեւս իրենց ծնունդով: Արդյոք Պավլիկ Մանուկյանը պատրաստ է ասել, որ Նիկոլը ճիշտ էր, իրենք սխալվեցին: Արդյոք նա պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը պայթեցնել նախկին համակարգի փաթեթը եւ դրանով իսկ որոշակիորեն «փոխհատուցել» Փաշինյանի հասցեին հասկանալիորեն զգայական բավական արտառոց վիճակում ասված հայտարարությունը: Թե Մանուկյանն այժմ էլ այլ զգայականության տիրույթում է եւ կարող է առավել խճճել իրավիճակը:

 

Yelaket.am

 


 






  • 1
  • 2
Prev Next

Բաց մի թողեք