Создание сайтов

«Լեւոնի դպրոցի սաները ռեւանշի են դուրս եկել». Հրանտ Մարգարյան

ggg

Aravot.am «Այս նոր սերունդը պետք է ըմբոստանա Լեւոնի մշակույթը մեր օրեր փոխադրած ուժի դեմ: Մենք չպետք է ունենաք տպավորություն, որ Լեւոնի դպրոցի սաները ռեւանշի են դուրս եկել»,- ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր այս կոչով դիմեց երիտդաշնակցականներին:

 

 

ՀՅԴ երիտասարդական միությունն այս տարի նշում է իր 25 ամյակը: Այսօր այդ առիթով տեղի ունեցած միջոցառման ժամանակ, Հրանտ Մարգարյանն ասաց նաեւ` ՀՅԴ-ն անպարտելի է, քանի որ իրենց գործը սերնդից-սերունդ են փոխանցում, «շատերի նման, ջրի պղպջակի պես չենք հայտնվում ջրի մակերեւույթին, հետո անհետանում»: 

Հրանտ Մարգարյանն անդրադարձավ նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց հեռվից եկավ, 1990-ականներից. ինքն այսօր շատ նմանություններ է տեսնում այն ժամանակվա իրադարձությունների հետ: Երիտասարդներին կոչ արեց`թույլ չտալ հնի կրկնություն: Հիշեց, հայ ժողովրդի աննախադեպ պոռթկման ժամանակ էլ «հայտնվեցին «Ղարաբաղ» կոմիտե կոչվող մարդիկ, որոնք բացարձակ ղեկավարություն էին»: Ասաց`թվում էր ազգը միասնական է, գտել են իրենց բացարձակ ղեկավարությանն ու հեշտ ու հանգիստ, սահուն կգնանք կայուն ապագա: Բայց դա երկար չտեւեց, ղարաբաղյան շարժման դիմաց տեսանք կոտորած, ջարդ, Սումգայիթ… տեսանք, որ այդպես չի լինում`խաղաղ ենք, խաղաղ վերաբերմունքի արժանանանք, լավն ենք, լավ վերաբերմունքի արժանանանք: Հասկացան`«ձեռքդ քո ծնկին պետք է դնես, ծնկի ելնես, ազատությունդ նվաճես»:

 

 

 

Հրանտ Մարգարյանն այդ օրերն այսպես է հիշում. «ՀՅԴ-ն, իբրեւ Հայաստան վերադարձած նոր կազմակերպություն, գերազանցեց ինքն իրեն`կազմակերպելով եւ առաջ տանելով ղարաբաղյան պայքարը`թույլ չտալով Մոսկվայի, Բաքվի, ցավոք նաեւ Երեւանի ծրագիրն իրականացնել»: Եվ դա`Արցախում զոհված ընկերների կյանքի գնով: Հիշեց` 1990-ին, ժողովրդի 84 տոկոս վստահություն վայելող անկախ պետականության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը «սպառնում էր» իրենց` ասելով որ խմբերը ետ կանչեն Ղարաբաղից, այլապես իրենց դատի կտա, ապօրինի գործունեություն ծավալելու համար: «Սա շատ է նման այսօրվա դեպքերին: Այսօր էլ մեզ ասում են, եթե մտահոգ եք Արցախի անվտանգության հարցով, դատի կտանք ձեզ, ԱԱԾ-ն կզբաղվի ձեզնով»: Նա հիշեց, 1990-ականների իրադարձությունները, երբ փակվեցին դաշնակցական թերթերը, կուսակցության գործունեությունը կասեցվեց, շատերը կալանավորվեցին եւ այլն, բայց «մենք դիմացանք, շարունակեցինք կռվել Ղարաբաղում, չնահանջեցինք, չշեղվեցինք մեր ճանապարհից»: Ըստ Հրանտ Մարգարյանի, նույն ձեռագիրն է նաեւ հիմա. «Քաղաքական նույն մշակույթն է վերադառնում մեր քաղաքական դաշտ`ժողովրդավարության ալիքի վրա եկել ենք, առաջինը ժողովրդավարությունն է ոտնակոխ լինում, այլ տեսակետ ընդունելն է մերժվում»: Նա երիտասարդներին կոչ արեց. «Շարունակեք մեր գործը, բայց մեզ մի կրկնեք: Մեր երկրին պետք է խնայել այդ նույն փորձը երկրորդ անգամ ապրելու տհաճությունից: Ազգի անունով իշխանության եկած ուժը, քիչ ժամանակ հետո Սփյուռքին ասում է նարինջ ուտող: Այդպես է սկսվում ազգի պառակտումը: Այսօր սկսել ենք ղարաբաղցիներով, որովհետեւ, հավանաբար, այսօրվա ղեկավարությունն էլ նույն դպրոցից է դուրս եկել: Բայց դուք, երիտասարդներ, թույլ մի տվեք, որ դա կրկնվի: 1990-ականներին շատ մեծ գին ենք վճարել այդ պայքարի մեջ, այսօր դա չպետք է կրկնվի»: Կրկին հիշեց անցած դարավերջի իրադարձությունները. «Ասեցինք`Ղարաբաղի անունով իշխանության եկած ուժը Ղարաբաղի հարցով պարտվողական քաղաքականություն է վարում (ՀՀՇ-ն նկատի ունի- Ն. Գ.): Ասեցին`միթե նման բան հնարավոր է, դուք ճիշտ չեք ասում, դուք նույնիսկ դավաճան եք: Բայց արի ու տես, որ մենք ճիշտ դուրս եկանք: 1997-ին պարզվեց, որ մարդու բուն նպատակը`«տարածքներ խաղաղության դիմաց» է: Այնինչ մենք ղարաբաղյան պայքարը սկսել էինք Ղարաբաղն ունենալու համար, ոչ թե խաղաղություն: Խաղաղությունը զիջելով ձեռք չեն բերում, խաղաղությունն այն բանն է, որ պետք է պարտադրես, որ քեզ հարգեն, որ քեզ հետ հաշվի նստեն»: Հրանտ Մարգարյանն ասում է`այսօր էլ մտահոգ են: «Ինչեր ասես, որ չեն ասում. մենք համբերում ենք, դիմանում ենք, ոնց որ այն ժամանակ: Այն ժամանակ մենք հաղթեցինք այդ իշխանությանը`բանտում լինելով: Այսօր չեմ ուզում ոչ ոք բանտարկվի, նույն փորձառությունն ապրենք: Տա Աստված, որ սթափվեն իշխանության վրա եղողները եւ հասկանան, որ այդ ուղով չի կարելի քայլել: Սթափվեն եւ ազգը պառակտելու փոխարեն համախմբեն, ազատությունն ու ժողովրդավարությունն առաջ տանեն: Մեր ժողովուրդը պետք է կարողանա լավ ապրի եւ ազատ ապրի, որպեսզի պետությունն էլ հզոր ու ուժեղ լինի: Հենց առաջինը մենք չենք վախենա մենք դուրս չենք եկել կռվի, այլ ապրելու եւ ապրեցնելու, դուրս ենք եկել եւ ասում ենք` երկրորդ առիթն է հայ իրականության մեջ, երկիրը երկիր դարձնելու, արտագաղթը ներգաղթի վերածելու, բայց ուզում ենք դա Ղարաբաղի հետ միասին: Ղարաբաղը Հայաստան է, ու` վերջ»,- ասաց բանախոսը` կրկին դիմելով երիտասարդներին. «Համարձակ եղեք, հայրենասեր եւ ազգասեր, պայքարող ու պահանջող, երկրի ու ժողովրդի համար ձեզ պատասխանատու զգացեք: 28 տարիների ընթացքում մի հայրենիք ենք ժառանգել` 30 հազար քառակուսի կիլոմետրով, 42 հազար քառակուսի կիլոմետրով ժառանգում ենք ձեզ: 9 դար հետո հաղթանակ արձանագրեցինք, քաղաք ազատագրեցինք, արեցինք այն բանը, որ մեր սերնդին կարող է արդարացնել, բայց հսկայական անելիք կա`սոցիալական արդարությունով ապրող հասարակություն պիտի ստեղծենք»: Հրանտ Մարգարյանը վստահ է`երիտասարդները կգերազանցեն իրենց սերնդին: Պատգամում է. «Զիջումներով խաղաղություն առնելու փորձն ինքնասպանություն է»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 



 






  • 1
  • 2
Prev Next

Բաց մի թողեք