Ագարակում սադրանքների մասնակիցներին ու վարչապետին հայհոյողներին բերել է նախկին ՀՀԿ-ական Մեղրիի գործող քաղաքապետը

Ագարակում սադրանքների մասնակիցներին ու վարչապետին հայհոյողներին բերել է նախկին ՀՀԿ-ական Մեղրիի գործող քաղաքապետը
792 2021/04/21

Այսօր առավոտից մոտ 40-50 տղամարդիկ հայհոյանքներով խոչընդոտում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզի Ագարակ քաղաք՝ վարչապետի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով ու «Նիկոլ դավաճան» գոռալով։ Սակայն որևէ մեկը չի ձերբակալվում ոստիկանների կողմից։ Սա, չնայած այն հանգամանքին, որ անգամ բախումներ հրահրվեցին, ու մասնակիցներից մեկը բարձրացավ վարչապետին ուղեկցող անվտանգության ծառայության ավտոմեքենայի վրա։  

Խումբը գոռգոռոցներով կրկնկակոխ հետևում է վարչապետին ու փորձում փակել նրա ճանապարհը, խոչընդոտել բնակիչների հետ վարչապետի հանդիպումը։ Civic.am-ի տեղեկություններով՝ սադրանքների կամակերպիչը Մեղրիի քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական, այժմ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Զաքարյանն է։ Հենց նա է իր խմբին բերել վարչապետի դեմ, թեև փորձում է ներկայանալ որպես հանդարտեցնող։ Ավելին՝ սադրանքի ակտիվ մասնակից է քաղաքապետի եղբայր Մհեր Զաքարյանը, որը սադրանքների մասնակից է դարձրել Ագարակի իր «ՄԼ» հյուրանոցի աշխատակիցներին, անգամ՝ մատուցողուհուն Արմինե անունով։ Վերջինս տեսախցիկների առաջ ելույթներ էր ունենում՝ վիրավորելով Փաշինյանին։ Մասնակիցների մեջ կան մարդիկ, որոնք օրենքի հետ խնդիրներ ունեն։ Օրինակի՝ մեղրեցի Արթուր Պողոսյանը, որի եղբայրը խնդիրներ ունի օրենքի հետ և այլն։ 

Օրենքի հետ խնդիր ունի նաև հենց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, որին մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրան սպառնում է 2-6 տարվա ազատազրկում։ 

Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։  

Այս պահին խումբը փակել է Մեղրիի ճանապարհը, որ վարչապետը չկարողանա գնալ Մեղրի։ Ոստիկանությունից դեպքի առթիվ մեր հարցին ի պատասխան ասացին, որ բերման ենթարկված չկա, քրգործ չի հարուցվել։ 
 
Նշենք, որ երեկ Ագարակում է եղել  նաև ԱՄՆ դեսպանը և դեսպանատան աշխատակիցներ և այլ հյուրեր։

Մեկնաբանություններ