Երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատուն կառավարությունն է. նրանք կա՛մ չեն տիրապետում խնդրին, կա՛մ գիտակցելով բերել, հասցրել են սրան. Գագիկ Ծառուկյան

Երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատուն կառավարությունն է. նրանք կա՛մ չեն տիրապետում խնդրին, կա՛մ գիտակցելով բերել, հասցրել են սրան. Գագիկ Ծառուկյան
311 2020/12/10

Ինձ համար անձերը կապ չունեն, կապ ունի արդյունքը, իրականությունն այն է, որ այսօր այս ճակատագրին արժանացանք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով պատերազմի ընթացքում Կառավարության սխալների, դրա հետևանքների և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին: 

Ծառուկյանը խոսելով վերջին շրջանում առաջացած խնդիրների, մասնավորապես Արցախի պատերազմի, հանձնված հողերի, Կառավարության անգործության մասին՝ նշեց, որ այս ամենի մասին դեռ մի քանի ամիս առաջ էր խոսում: «Հունիսի 5-ին ներկայացրել եմ, ասել եմ, որ մենք անդունդի եզրին կանգնած ենք սոցիալական, տնտեսական, քաղաքական, համաճարակի և Արցախի հարցով, որ պետք է ամբողջ Կառավարությունը փոխվի, եթե չէ՝ մենք ընկնելու ենք անդունդը»:

Ըստ նրա՝ այս իրավիճակից դուրս գալու համար հստակ քայլեր պետք է ձեռնարկվեն, փոփոխություններ պետք է լինեն և այդ ամենը պետք է ղեկավարվի մի մարդու կողմից, որը լիարժեք կկարողանա ցանկացած հարցի ճիշտ լուծում տալ:

«Այսքան անտուն մարդիկ, այսքան սգացող մարդիկ կան, որ հայրենիք են կորցրել, զավակ են կորցրել, ամուսին են կորցրել, կորցնողներ կան, որ երազում են դիակը գտել, որ լացելու տեղ լինի. սա է հիմա մեր ազգի վիճակը»,-ասաց նա:

ԲՀԿ ղեկավարը շեշտեց, որ իր հայտարարությունից հետո քաղաքական հետապնդում եղավ իր նկատմամբ, սակայն այդ ժամանակ ևս նշել էր, որ ծառացած խնդիրները լուծելու համար 3-4 ամիս ժամանակ կա, սակայն նրա խոսքով՝ անփորձ երիտասարդները չեն հավատացել նրա խոսքին, բայց այսօր հենց այդ անփորձ, ինքնահավան երիտասարդներն են խոսում հայ ազգի ճակատագրի մասին:

«Կամ չեն հասկանում, չեն տիրապետում կամ իրենք գիտակցելով են բերել, սրան հասցրել: Երկուսից մեկն է, թող իրենք պատասխանեն: Նորից եմ ասում՝ անձերն ինձ համար կապ չունեն, այսօր երկրի այս վիճակի համար պատասխանատու է Կառավարությունը»,- շեշտեց Ծառուկյանը և հավելեց, որ այսօր իր բոլոր առաջ բերված հարցերի պատասխանն է ուզում ստանալ:

Մեկնաբանություններ