Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով

Ղարաբաղում ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման հարցում միտումնավոր ձգձգումներ տեղի չեն ունենում. Լավրով
165 2020/12/01

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների կողմից ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցում միտումնավոր հետաձգումներ Ռուսաստանը չի նկատել, սակայն կան օբյեկտիվ բարդություններ այս գործընթացում առաջընթաց ունենալու համար:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առցանց նիստի ավարտին կայացած ասուլիսում:

«Այստեղ դժվար է խոսել այդ գործընթացի (ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակման) ձգձգմանն ուղղված կանխամտածված քայլերի մասին, մենք դրանք չենք տեսնում: Սակայն այն, որ կան օբյեկտիվ բարդություններ, որոնք ներկա պահին առկա են, և հուսում եմ՝ ավելի արագ կկարգավորվեն, փաստ է»,- շեշտել է Լավրովը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

Մեկնաբանություններ