«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Ուիգմոր Քլինիք»-ի մանկաբույժ Հրաչուհի Ղազարյանի հետ։
1.5-2 ամսական
- 1.5 ամսականում երեխան կարողանում է հայացքով հետևել հորիզոնական ուղղությամբ, իսկ երկու ամսականում՝ ուղղահայաց ուղղությամբ շարժվող առարկային։
- Երբ մենք խոսում ենք երեխայի հետ, նա նայում է խոսակցի դեմքին, կարող է իմաստավորված ժպտալ։
- Փորի վրա պառկած դիրքում ուղիղ բարձրացնում է գլուխը՝ կզակը բարձր պահելով։
- Փորձում է կրծքավանդակը բարձրացնել սեղանից, անում է սողալու շարժումներ։
3 ամսական
- Երկար, երաժշտական ձայներ է արձակում։
- Ձգվում է դեպի ծանոթ առարկաները և մարդիկ։
- Հասկանում է, երբ պատրասվում են կերակրել իրեն։ Նայում է իր ձեռքերին կամ ձեռքում գտնվող առարկային։
- Հանգիստ վիճակում ձեռքի մատները բաց է պահում։ Փորի վրա պառկած դիրքում հենվում է նախաբազուկների վրա, գլուխը պահում է կայուն։
Ի՞նչ է պետք անել կամ չանել
- Ազատ շարժումները կարևոր են երեխայի զարգացման համար․ մի՛ բարուրեք երեխային։
- Միջավայրը փոխելու նպատակով երեխային տնից դուրս բերեք։ Հաճախ փոխեք երեխայի դիրքը։ Արթուն ժամանակ երեխային պառկեցրեք փորի վրա, դա նպաստում է գլուխը ձիգ պահելուն։
- Առաջարկեք վառ գույներով, մեղմ ձայն արձակող, հպվելիս հաճելի, բռնելու համար հարմար և ապահով խաղալիքներ։
- Ուշադրության արժանացրեք երեխայի ցուցաբերած ռեակցիան ծանոթ մարդկանց և առարկաների հանդեպ։
- Անհրաժեշտ է երեխային վարժեցնել քնելու ռեժիմին և պահպանել այն։ Քնելու համար երեխային պետք է անկողին պառկեցնել, երբ նա դեռ արթուն է։
4 ամսական
- Շրջվում է դեպի ձայնը։
- Ժպտում է և ծիծաղում։
- Մեջքի վրա պառկած վիճակում ոտքերով շարժումներ է կատարում և կարող է շրջվել կողքի վրա։ Առարկաները տանում է դեպի բերանը։
- Բռնելու համար պարզում է ձեռքերը։
- Առարկան բռնելիս օգտագործում է ամբողջ ափը։
- Մատները բաց է պահում, խաղում է ձեռքերի հետ։
Ի՞նչ է պետք անել
- Այս տարիքում ժամանակտրամադրեք Ձեր փոքրիկի հետ խաղալուն և խոսելուն։
- Երգեք և կարդացեք նրա համար։
- Երեխային դրեք գետնի վրա՝ ապահով տեղում խաղալու։
- Ողջունեք և խրախուսեք երեխայի ցանկացած ձեռքբերումն ու ցանկալի արարքը՝ ձայներ արձակել, ծանոթներին ձգվելը, խաղալու և շաժումների փորձերը և այլն։
5 ամսական
- Ուշադրություն է դարձնում մանր առարկաներին։ Խաղացեք երեխայի հետ «ծափիկ-ծափիկ», «ծիկ-ծիկ»։
- Ժպտում է, սիրում է խաղալ։
- Շրջվում է փորից մեջքի վրա և փորձում է անել հակառակը։
- Փորի վրա պառկած դիրքում բարձրացնում է իրանը՝ հենվելով պարզած ձեռքերի վրա։
- Նստում է ազատ, եթե կա հենարան։ Արտաբերում է երկհնչյուններ՝ «բա-բա-բա»։
6 ամսական
- Սկսում է վախենալ անծանոթներից։
- Մեկնում է ձեռքը, վերցնում է առարկաները երկու ձեռքով, բռնելիս օգտագործում է ամբողջ ափը։
- Առարկան տեղափոխում է մի ձեռքից մյուսը։
- Առանց օգնության կարող է կարճատև նստել՝ ձեռքերն առաջ պարզելով։
- Մեջքի վրա պառկած դիրքում ոտնաթաթը հասցնում է բերանին։
- Արդեն կարողանում է շրջվել մեջքից փորի վրա։
Ի՞նչ է պետք անել
- Պետք է երեխային շրջապատն ուսումնասիրելու ավելի շատ հնարավորություններ ընձեռել՝ օգտագործելով ավելի ազատ տեղաշարժվելու և նստելու նրա ունակությունները։
- Տվեք երեխային գործողությունների անհրաժեշտ ազատություն։
- Տարիքին համապատասխան խաղալիքներ տրամադրեք։
- Խրախուսեք երեխայի հաղորդակցվելու փորձերը, դրական վարքագիծը։
- Եթե երեխան անցանկալի վարքագիծ է դրսևորում, նրա ուշադրությունը շեղեք բուն արարքից կամ պարզապես դրանք անտեսեք։
- Երեխայի անցանկալի վարքագիծը սահմանափակելիս «չի կարելի»-ն պետք է լինի տեղին և հաստատուն։
Մեկնաբանություններ