Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի հրաժարականը համազգային պահանջ է դառնում

Կոնստանտին Զատուլին. Փաշինյանի հրաժարականը համազգային պահանջ է դառնում
1439 2021/01/12

Փաշինյանի հրաժարականը համազգային պահանջ է դառնում: Այս մասին «КП» ռադիոյի եթերում հայտարարել է ՌԴ պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանն իրեն շատ կամակոր է պահում, զգում է Թուրքիայի աջակցությունը: «Իհարկե, երբ Ադրբեջանի ղեկավարը գալիս է Մոսկվա, նա այստեղ բավական լավ է կողմնորոշվում իրավիճակում: Եւ նա ամեն ինչ ասում է այնպես, ինչպես մենք ուզում ենք լսել: Ընդ որում, ուզում եմ նշել, որ հայկական կողմը խորագույն դեպրեսիայի մեջ է: Ներքաղաքական ճգնաժամը լուծված չէ: Քաղաքական կուսակցությունների մեծ մասը, եկեղեցին, փաստորեն, երկրի ողջ մտավոր վերնախավը պահանջում են գործող վարչապետի հրաժարականը»: Մատնանշելով Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ցույցը ՀՀ վարչապետի այցի օրը` Զատուլինը նշել է, որ «Փաշինյանի հրաժարականի պահանջները դառնում են համազգային պահանջ»:

«Պարզ է, որ դեպրեսիայի եւ պարտության այդ մթնոլորտում կասկածներ կան, թե ղեկավարության կողմից ամեն ինչ իսկապես ազնի՞վ է եղել, եւ ինչո՞ւ է Հայաստանի նոր ղեկավարը թույլ տվել նման ձախողում: Բոլոր հարցերում՝ բանակցություններում, պաշտպանությունում, մնացած ամեն ինչում: Եւ սրանք բոլորը հարցերն են, որոնք սուր են դրված Հայաստանի ներսում: Եւ դժվար թե դրանք հանվեն, այդ թվում՝ այս հանդիպումով (Պուտինի եւ Ալիեւի հետ - խմբ.)»:

Նրա խոսքով՝ նման պայմաններում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակ անհնար է որոշել: «Այսօրվա իրավիճակում դա դժվար թե հնարավոր լինի, Հայաստանի այսպիսի վիճակում, կրկնում եմ, նրա դիրքը անընդհատ կասկածի տակ է դրվում, առաջին հերթին` պաշտոնական դիրքը հենց Հայաստանի ներսում: Անկասկած, Ադրբեջանը՝ հաղթանակի թեւերով, այսօր պատրաստ չէ կարգավիճակի հարցում ցանկացած զիջման: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որն ամեն դեպքում ամենահիմնականն է, թերեւս, սկզբունքորեն, այն, այսօրվա դրությամբ հետաձգված է մինչեւ ավելի լավ ժամանակներ... Նախագահ Պուտինի տրամաբանությունն այն է, որ այս հարցը հետաձգվի մինչեւ տարածաշրջանում նոր կյանքի հաստատումը: Նա ակնկալում է, որ սուր հարաբերությունները կհարթվեն, եւ այս պայմաններում Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններում մի տեսակ նոր իրողություն կծագի: Եւ որ մեր խաղաղապահների ներկայությունը երաշխիք է, որ այլեւս անակնկալներ չեն լինի, ինչպես եղավ սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը: Եւ այս իմաստով ավելի լավ է այս հարցը թողնել ավելի ուշ ժամանակների, քանի որ այսօր այն սկսել նշանակում է անմիջապես բախվել նրան, որ երկու կողմերն էլ կտրականապես չեն համաձայնի որեւէ բանի շուրջ պայմանավորվել»:

Մեկնաբանություններ