Կրակահերթի տակ

Կրակահերթի տակ
183 2020/07/15

Միանգամայն հասկանալի է, որ պատերազմի ժամանակ «մուսաները լռում են, իսկ թնդանոթները՝ կրակում», եւ պատերազմական օրերի լրատվությունն էականորեն տարբերվում է խաղաղ ժամանակների լրատվությունից։ Բայց, չգիտես ինչու, ես կրկին դեժավյուի զգացում ունեմ՝ 2016 թվականի ապրիլյան չորս չարաբաստիկ օրերն են աչքիս առաջ, երբ մենք, մի բուռ դարձած, ռազմի դաշտից գույժեր էինք ստանում եւ շարունակում աշխատել՝ լրատվություն հասցնելով հասարակությանը։ Բայց, ինչպես այսօր, այն ժամանակ էլ մի խումբ վայ-հայրենասերներ, որոնց մի մասը ֆիդայիների շորեր հագած շտապել էին սահման՝ սելֆիներ անելու, մեզ հայրենասիրության դասեր էին տալիս, սովորեցնում, թե ինչ գրենք, ինչպես գրենք, ինչ չգրենք։ Առհասարակ, հայրենիքի հանդեպ սերը լռություն է սիրում, բարձրագոչ բառերն ու էժան զգացումները, շահարկումն ու պոպուլիզմը հայրենիքի հանդեպ սիրո հետ համատեղելի չեն։ Եվ այդ «ուսուցիչներն» էլ հաստատապես չգիտեն, թե ինչն է օգտակար մեր երկրին, ինչը՝ վնասակար, որտեղ է սկսվում հայրենիքին ծառայությունը եւ ավարտվում հայրենիքի թեմայի շահարկումները։ Այժմ մենք նորից հայտնվել ենք 16-ի ապրիլյանի մթնոլորտում, երբ մեզ արգելում էին գրել, տեղեկացնել, թե ինչ է կատարվում սահմանին, բայց ոչ ոք չէր կարողանում բացատրել, թե ինչու չի կարելի գրել հակառակորդի ագրեսիայի, ծավալած գործողությունների մասին։ Չէ որ մեր խնդիրն այն չէ, որ աշխարհից թաքցնենք, թե ինչքան վայրագ է մեր հակառակորդը, ինչպես է դիմում ռազմական գործողությունների, որպեսզի Արցախի ինքնորոշման իրավունքին բռնանա եւ հարցը ուծի բռնի ճանապարհով։ Ի վերջո, Ադրբեջանն ամեն քայլափոխի ներկայացնում է հայկական զինուժի գործողությունները եւ դա օգտագործում մեր դեմ, ինչո՞ւ մենք չներկայացնենք նրա ագրեսիան։

hraparak.am

Մեկնաբանություններ