Ում համար է «Շտապօգնություն» կանչվել Քննչական կոմիտե. ArmDaily

Ում համար է «Շտապօգնություն» կանչվել Քննչական կոմիտե. ArmDaily
150 2021/04/22

Մոտ մեկ ժամ առաջ «Շտապօգնության» բրիգադ մտավ ՀՀ Քննչական կոմիտեի շենք։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հիվանդ վիճակում բերման էր ենթարկվել Գորիսի խոշորացված համայնքի Շուռնուխ գյուղի բնակիչ Արարատ Աղաբեկյանն, ով Արցախյան երեք պատերազմների մասնակից է։ Վերջինս մեկ շաբաթից ավել բարձր ջերմությամբ ու թոքաբորբով անկողնային վիճակում պառկած էր ու ստանում էր սրսկումներ։ Համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության աշխատողները ծանր վիճակում գտնվող Արարատ Աղաբեկյանին՝ Աշխարհապետին տեղափոխում։

Իրավապաշտպանի ճնշման շնորհիվ միայն ոստիկանները շտապօգնության կանչ տվեցին։ Տեսանյութում պարզ երևում է, որ վերջինս նույնիսկ ոտքի վրա չի կարողանում մնալ՚ ArmDaily.am-ի թղթակիցը փորձեց պարզել, թե արդյոք «Շտապօգնություն» կանչել էին հենց Աշխահապետի համար։ Ոստիկանության աշխատողները չկարողացան որևէ տեղեկատվություն փոխանցել մեզ։ Սակայն մինչ այս պահը բժիշկները շենքից դեռևս դուրս չեն եկել։

Քննչական կոմիտեում է գտնվում նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Նա մեզ հետ զրույցում ասաց, որ «Շտապօգնություն» կանչել են Աշխարհապետի համար, նրա վիճակը այժմ կարգավորվել է, 3 ժամից պարզ կլինի։ «Հիմա նորմալ է, լավ է զգում իրեն, եթե չձերբակալեն, 3 ժամից պետք է ազատ արձակեն, նույն գործի շրջանակներում են բերման ենթարկել՝ խուլիգանություն եւ իշխանության մարմիններին դիմադրություն ցույց տալ»։

Հիշեցնենք, որ ArmDaily.am-ի հետ զրույցում Արարատ Աղաբեկյանի քույրը՝ Նարինե Արշակյանը ավելի վաղ հայտնել էր, որ ոստիկաներն ու կարմիր բերետավորները վաղ առավոտյան ձերբակալել են բարձր ջերմություն ունեցող եղբորը։ Ի դեպ, Աշխարհապետը դուրս է եկել ոստիկանների մոտ, այնուհետև վերադարձել ու տեղեկացրել ընտանիքի անդամներին, որ գնում է ոստիկանների հետ, որովհետև հակառակ պարագայում իրեն ուժով բերման կենթարկեն։

Մեկնաբանություններ