Պաշտոնաթողությունից օրեր առաջ Արսեն Թորոսյանի գլխավորած նախարարությունը հերթական խոշոր պայմանագիրն է ստորագրել կնոջ ընկերության հետ. Irakanum.am

Պաշտոնաթողությունից օրեր առաջ Արսեն Թորոսյանի գլխավորած նախարարությունը հերթական խոշոր պայմանագիրն է ստորագրել կնոջ ընկերության հետ. Irakanum.am
241 2021/02/24

Մինչև ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնից պաշտոնանկությունը և ՀՀ վարչապետի աշխատակազմում ղեկավարի պաշտոնը ստանձնելը Արսեն Թորոսյանը կնոջ՝ ՄԻԲՍ ընկերության տնօրեն Վարդանուշ Թևանյանի հետ հասցրել է կնքել ևս մեկ պայմանագիր, որի ընդհանուր գումարը կազմել է 72 մլն. 680 հազար դրամ, այս մասին գրում է Irakanum.am-ը։

Պայմանագիրը կնքվել է 2020 թվականի դեկլտեմբերի 28-ին; ՄԻԲՍ-ը հիվանդանոցային ծառայություններ է մատուցելու։

Հիշեցնենք, որ ՄԻԲՍ ընկերությունը 2011-2015 և 2016-2018 թվականներին ղեկավարել է Արսեն Թորոսյանը, հեղափոխությունից հետո կենտրոնի տնօրեն է դարձել վերջինիս կինը:

Նախորդ տարի հերթական գնումների մասին աղմուկից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ էր հարուցել Արսեն Թորոսյանի նկատմամբ։ 2019-2020 թվականներին նախարարությունը ևս 124 մլն դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր էր կնքել ՄԻԲՍ ընկերության հետ:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տարեվերջին հրապարակեց եզրակացություն, համաձայն որի առողջապահության նախարարության և Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած ընկերության հետ կնքված պայմանագրերում շահերի բախում չկա։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացության մեջ նշել էր, որ «Արսեն Թորոսյանի արձակած հրամանների արդյունքում նույն չափանիշներով և պահանջներով գույքային գործարքներ են կնքվել նաև այլ բժշկական հաստատությունների հետ, հետևաբար այդ հրամաններն անդրադարձել են անձանց լայն շրջանակի վրա, ինչն օրենքով հանդիսանում է շահերի բախումը բացառող հանգամանք։ Այսինքն՝ նման դեպքում պաշտոն զբաղեցնող անձը չի առաջնորդվում իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով, եթե տվյալ գործողությունը կամ որոշումն ունի համընդհանուր կիրառելիություն կամ անդրադառնում է անձանց լայն շրջանակի վրա»:

Հանձնաժողովը եզրակացությունը հրապարակել է 2020 թվականի նոյեմբերի 30-ին: Օրեր անց Թորոսյանի գլխավորած նախարարությունը Վարդանուշ Թևանյանի հետ կնքել է հերթական պայմանագիրը: 2021 թվականին ՄԻԲՍ-ը կիրականացնի բժշկական օգնություն և սպասարկում:


 

Մեկնաբանություններ